«Լիդիան Արմենիա»-ն աջակցում է ՓՄՁ-ներին

09.11.2016 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լիդիան Արմենիա»-ն մեկնարկել է փորձնական ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերելու Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքերում գործող եւ նոր ստեղծվող փոքր եւ միջին ձեռնարկություններին(ՓՄՁ):

ՓՄՁ-ներին աջակցելու ծրագրի համար ընկերությունը ներդրել է $ 37 հազար:

Ծրագրի շրջանակում ընկերությունը պատրաստվում է համաֆինանսավորել 14 բիզնես-ծրագիր Գնդեվազ եւ 10 բիզնես-ծրագիրˋ Գորայք համայնքում:

«Պիլոտային սկզբունքով Գորայք եւ Գնդեվազ համայնքներում սկսել ենք փոքր բիզնեսին աջակցության ծրագրերը: Գնդեվազում որոշել ենք աջակցել այն փոքր բիզնեսներին, որոնք վարում են կանայք, իսկ Գորայքումˋ երիտասարդներին»,-ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության Սոցիալական զարգացման մենեջեր Նառա Ղազարյանը:

«Նպատակը համայնքներին կայուն զարգացման ճանապարհով տանելն է ու այն գաղափարի տարածումը, որ հանքագործությանը զուգահեռ կարող է զարգանալ նաեւ գյուղատնտեսությունը: Ծրագիրը նախատեսված ինչպես սկսնակ, այնպես էլ գործող բիզնեսի համար եւ ընդգրկում է գյուղատնտեսության, գյուղական տուրիզմի, գյուղատնտեսական ծառայությունների մատուցման, հացաբուլկեղենի արտադրության, մեղվաբուծության եւ այլ ոլորտներ», - նշել է Նառա Ղազարյանը:

Նրա փոխանցմամբˋ ծրագրի հիմնական բաղադրիչները հետեւյալն են. յուրաքանչյուր մասնակից պետք է անցնի բիզնեսի հիմնման համար հատուկ վերապատրաստման դասընթաց, որից հետո ներկայացնի բիզնես պլան, որից հետո ընկերության մասնագետները կատարեն լավագույն ծրագրի ընտրություն:

«Մյուս կարեւոր բաղադրիչն այն էր, որ մեր հատկացրած դրամաշնորհից բացի, ծրագրի շահառուն եւս պետք է դրամական ներդրում ունենա բիզնեսում»,- ասել է Նառա Ղազարյանը:

Գնդեվազում ընկերության կողմից տրամադրվող դրամաշնորհի ծավալը 900 հազար ՀՀ դրամ է, իսկ Գորայքումˋ 300 հազար դրամ: Մի քանի ամիս առաջ մեկնարկած ծրագրով երկու համայնքներում հիմնվել է 18 փոքր բիզնես, իսկ մյուսների հիմնումն ընթացքի մեջ է:

«Լիդիան Արմենիա»-ի կողմից փոքր բիզնեսի աջակցման ծրագրերից մեկըˋ Գնդեվազի կարի արտադրամասը, պաշտոնապես բացվել է նոյեմբերի 8-ին՝ նոր մասնաշենքում ու ժամանակակից կարի մեքենաներով, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ցանկացած պատվեր:

Դեռեւս 2011-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներում հայտարարեց կարի արտադրամասի մրցույթ, որը պետք է սպասարկեր Ամուլսարում իրականացվող երկրաբանա-հետախուզական աշխատանքների կարիքները՝ հանքաքարի նմուշների համար պարկեր, արտահագուստ եւ այլ ատրիբուտներ կարելով: Մրցույթին մասնակցած 2 հայտատուներից հաղթեց Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանի կարի արտադրամասը, որն իր գործունեությունը սկսեց Ամուլսարի ծրագրին անհրաժեշտ հանքաքարի նմուշի պարկերը կարելով:

Վահան Մկրտչյանը պատմում է, որ 2011-ին արտադրամասն իր տրամադրության տակ ուներ ընդամենը երկու աշխատող եւ երկու կարի  մեքենա:

«Անցած 5 տարիների ընթացքում, «Լիդիան Արմենիա»-ից ստացված պատվերների շնորհիվ, արտադրամասը բավականին մեծ զարգացում ապրեց ու տեխնիկապես վերազինվեց, եւ այսօր, բացի Ամուլսարի ծրագրից, արտադրամասի պատվիրատուների շարքում են նաեւ Ջերմուկի մի շարք հանգստյան տներ ու առողջարաններ, Ջերմուկ քաղաքում գործում է արտադրամասի մասնագիտացված խանութը, որն առաջարկում է  ցանկացած տեսակի սպիտակեղեն, վարագույրներ, հատուկ համազգեստի տեսականի, գլխարկներ եւ այլն: Ընկերությունում ավելացել է նաեւ աշխատողների թիվըˋ հասնելով 5-ի: Նվազագույն աշխատավարձն այստեղ 45 հազար դրամ է, իսկ առավելագույնըˋ 100 հազար». – պատմել է Վահան Մկրտչյանը:

«Այս կարի արտադրամասի օրինակն ապացուցում է, որ Ամուլսարի ծրագրում ամեն մի ուղղակի աշխատատեղ կնպաստի 5-6 ոչ ուղղակի աշխատեղի ստեղծմանը: Ինչպես արդեն նշել ենք, շինարարության ընթացքում հանքը կունենա 1300, իսկ շահագործման տասը տարիների ընթացքումˋ 700 աշխատող: Եթե հաշվարկենք սպասվող անուղղակի աշխատատեղերի քանակը, կտեսնենք, թե ինչպիսի դրական տնտեսական զարգացում է ունենալու այս տարածաշրջանը»,- ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:

Կենսամիջոցների վերականգման պլանի շրջանակներումˋ «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրականացվող փոքր բիզնեսի աջակցության ծրագրերից է նաեւ Գնդեվազ համայնքում Հերիքնազ Առաքելյանի մեղվաբուծական տնտեսության ընդլայնումը:

«Ամուսնուս հետ վաղուց մեղվաբուծությամբ ենք զբաղվում: Իմանալով «Լիդիան Արմենիա»-ի ծրագրի մասինˋ մասնակցեցի դասընթացին, որը բավական շատ ու անհրաժեշտ գիտելիքներ տվեց ինձ, իսկ ծրագրի հաստատումից հետո ստացանք դրամաշնորհն ու ձեռք բերեցինք լրացուցիչ 15 մեղվաընտանիք, փեթակներ ու ընդլայնեցինք մեր բիզնեսը»,- ասում է Հերիքնազ Առաքելյանը:

Ծրագրի շահառուն նշում է, որ այսօր ունեն 35 մայր ընտանիք, որոնցից այս տարի 1 տոննայից ավել քաշով մեղր են ստացել:

«Նման ծավալը մեզ համար տարեկան կարող է ապահովել 4.5-5 մլն դրամի եկամուտ: Մեղրն իրացնում ենք ինչպես ծանոթների ու հին հաճախորդների, այնպես էլ Ջերմուկ քաղաքի առողջարանների հետ ունեցած վաճառքի պայմանագրերի միջոցով»,- ասում է տիկին Հերիքնազը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW