ՎԶԵԲ-ը Հայաստանում 2% տնտեսական աճ է կանխատեսում

04.11.2016 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2016թ. եւ 2017թ. Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2-ական տոկոս տնտեսական աճ:

Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի «Աճի վերականգնում`ի հեճուկս գլոբալ անորոշության» նախօրեին հրապարակած զեկույցում:

«ՀՀ տնտեսությունում տարին սկսվեց բավական լավ, սակայն աճը գնալով դանդաղեց`1-ին եռամսյակի 4,5%-ից 2-րդ եռամսյակում հասնելով 1,5%-ի: Տարվա 1-ին կեսին արտահանման եւ պետական սպառման ուղղությամբ արձանագրված աճը մասամբ չեզոքացվեց ընդհանուր ներդրումների կրճատմամբ եւ տնային տնտեսությունների սպառման նվազմամբ»,- ասված է զեկույցում:

ՎԶԵԲ-ի վերլուծաբանների կարծիքով` առաջին 8 ամիսներին գրանցված գնանկումն արտացոլել է ՀՀ ներքին թույլ պահանջարկն ու ներմուծման ցածր գները: ՀՀ տնտեսությունը շարունակել է ենթարկվել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցությանը: Տարվա առաջին կեսին ներդրումների ծավալը մնացել է ցածր մակարդակի վրա, իսկ տրանսֆերտները շարունակել են կրճատվել` նախկինից ավելից դանդաղ տեմպերով:

Հայկական դրամի վարքագիծը տարվա առաջին ինը ամսիներին ՎԶԵԲ-ը գնահատել է կայուն:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությանն ու ընդհանուր բանկային համակարգին:

«Դանդաղ տնտեսական աճի, բացասական գնաճի եւ արժույթի կայուն փոխարժեքի պայմաններում ԿԲ-ն աստիճանաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեկ տարվա ընթացքում 10,5%-ից այն հասցնելով 6,75%-ի: 2016թ. առաջին 7 ամիսներին առեւտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալները մնացել են գրեթե անփոփոխ` թույլ ներքին պահանջարկի եւ բանկային համակարգում շարունակվող միավորման գործընթացների ֆոնին»,- ասված է զեկույցում:

Միաժամանակ, զեկույցի հեղինակները Լեռնայի Ղարաբաղի հակամարտությունը բնորոշել են որպես «ռիսկ` Հայաստանի աճի հեռանկարների տեսանկյունից»:

Նշենք, որ 2016թ. ՀՀ պետական բյուջեով ամրագրված է 2,2%, իսկ 2017թ. բյուջեի նախագծով` 3,2% տնտեսական աճ:

Դիտում՝ 10115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW