ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի հետ կապված:Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարվել է «Սիքյուրիթի դրիմ» ընկերության հետ քննարկել եւ մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել իրավական լուծումներ, որոնցով վերոնշյալ ընկերության գործառույթներն ու ֆինանսական հոսքերի կառավարումն ամբողջությամբ կանցնեն պետական կառույցներին:Ֆինանսների եւ արդարադատության նախարարներն հանձնարարվել է աջակցել Երեւանի քաղաքապետին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» կոնսորցիումի հետ բանակցություններում եւ մեկշաբթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվումˋ ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումն անցնի համայնքային կառույցներին:Ոստիկանապետին հանձնարարվել է նաեւ մինչեւ նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ եւ «չափելի, էական արդյունքներ»: Բացի այդ, հանձնարարվել է շահագրգիռ պետական ու համայնքային մարմիների հետ համատեղ ուսումնասիրել եւ ներկայացնել առաջարկություններˋ երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողության ու վճարովի ավտոկայանատեղիների կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման վերաբերյալ:Արդարադատության նախարարին հանձնարարվել է քննարկել եւ 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ, ինչպես նաեւ ոստիկանապետի հետ համատեղ ներկայացնել առաջարկությունˋ վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկման գործում մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 3952