Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը փոխշահավետ է, եւ ՀՀ տնտեսության զարգացումից շահում է նաեւ Եվրամիությունը:Այս մասին Պյոտր Սվիտալսկին ասել է Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ` նվիրված «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շաբաթի մեկնարկին:«ՀՀ կառավարությունն իր ծրագրի առանցքում դիտարկում է տնտեսական աճի խթանումը, եւ ԵՄ-ն պատրաստակամ է օժանդակել նրան այս բարեփոխումներում, ինչը Հայաստանին թույլ կտա անցում կատարել զարգացման ավելի արդյունավետ մոդելի»,- նշել է նա:Տնտեսական առաջընթացի ապահովման գործում ԵՄ դեսպանը կարեւորել է ՓՄՁ-ների դերը, որոնք «տնտեսական աճի հիմնական շարժիչն են եւ ունեն չօգտագործված մեծ ներուժ»: Որպես դրա ապացույց` նա նշել է, որ ՀՀ-ում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում զբաղվածության միայն 30%-ը, այն դեպքում, երբ, օրինակ, ԵՄ երկրներում այս ցուցանիշը հասնում է 60-70%-ի: Անդրադառնալով ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների խնդրին` դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների, ինչպես նաեւ ներպետական մի շարք բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի լրացուցիչ ներդրումներ ներգրավել տնտեսություն: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ նշել է, որ այս շաբաթ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված ԵՄ եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը՝ մասնավոր հատվածի, առեւտրի եւ նորարարության զարգացման ու հեռանկարների ուղղությամբ:Նախարարի տեղակալը նաեւ տեղեկացրել է, որ այս միջոցառմանը զուգահեռ ընթանում են Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի` առեւտրի եւ ներդրումների հատվածին առնչվող բանակցությունները, որոնց ուղղությամբ ակնկալվում է ստանալ դրական արդյունքներ:Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ առեւտրում Հայաստանն օգտվում է GSP+ առեւտրի արտոնյալ ռեժիմից, որը նրան թույլ է տալիս շուրջ 6400 անուն ապրանքի համար ստանալ 0-ական մաքսատուրք, ինչը «բավական կարեւոր գործիք է ՀՀ-ում առեւտրի եւ արտանման ավելացման տեսանկյունից»:«ՀՀ-ում տնտեսական գործընթացներին եւ բարեփոխումներին եվրոպական կողմի աջակցությունը մնում է բարձր օրակարգում, եւ մենք շարունակելու ենք ակտիվորեն ընդլայնել մեր համագործակցությունը»,- ընդգծել է Գարեգին Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ այս գործակցությունը կլինի շարունակական:ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ Մեդիամաքսի հարցազրույցը Գարեգին Մելքոնյանի հետ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 2980