ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի եվրոպական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը, որի խրախուսման համար անհրաժեշտ է բարենպաստ մրցակցային միջավայր:Այս մասին Արտակ Շաբոյանն ասել է Երեւանում կայացած «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով քննարկման ժամանակ:«Ֆրանսիան եւ Գերմանիան Ռուսաստանից հետո մեր ամենամեծ ներդրողներն են: Հանդիպման նպատակն է քննարկել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են եվրոպական կապիտալով ընկերությունները ՀՀ-ում, եւ լուծել այն խնդիրները, որոնք գտնվում են ՏՄՊՊՀ կարգավորման դաշտում»,- ասել է նա:Արտակ Շաբոյանի պնդմամբ` կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում մրցակցության ապահովման խնդրին եւ ձեռնարկում միջոցներ` գործարար պայմանները հեշտացնելու ուղղությամբ:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս կարեւորել է քննարկումը` նշելով, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի, իսկ մրցակցության ապահովումն այդ գործում կարեւորագույն նշանակություն ունի: Նրա խոսքով՝ այս հարցում ԵՄ-ն ակտիվ համագործակցում է ՀՀ կառավարության հետ:«Այս հանդիպումը ժամանակային առումով համընկել է կառավարության ծրագրի քննարկման հետ: Նոր կառավարությունը` ի դեմս վարչապետի, իր ուշադրության կենտրոնում է պահում գործարար միջավայրի բարելավման հարցը, ինչը բավական քաջալերող է»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:Դեսպանը ողջունել է կառավարության մտադրությունը` բարելավելու ՀՀ դիրքերը միջազգային տարբեր վարկանիշներում՝ այն որակելով որպես «ազնիվ եւ կարեւոր նպատակ»:«Հայաստանը վերջին տարիներին միջազգային վարկանիշներում արձանագրել է բավական առաջընթաց: Այդուհանդերձ, գործարար համայնքն ու հասարակ քաղաքացիները սպասում են ավելիին: Ես լավատես եմ, որ նոր կառավարությունն անհրաժեշտ ուշադրությունը կդարձնի` հասնելու իր առջեւ դրված նպատակներին եւ բարելավելու գործարար միջավայրը»,- ասել է ԵՄ դեսպանը: Tweet Դիտում՝ 10553