ՀՀ Կենտրոնական Բանկն այսօր արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտահոգությանը եւ հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ.«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած եւ պրոֆեսիոնալ կառույց իր գործունեության ընթացքում զերծ է եղել եւ շարունակում է զերծ մնալ հասարակության շրջանում եւ մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:Հաշվի առնելով, որ այսօր հրապարակայնորեն ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին նախագահին.1. Դեֆոլտ տվյալ դեպքում նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում: 2. Հայաստանի Հանրապետությունը կատարել եւ շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որեւէ խոչընդոտի, եւ ապագայում չի նշմարվում որեւէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի եւ արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը եւ տոկոսադրույքների էական նվազումը»: Նշենք, որ այսօր iLur.am կայքում հրապարակվել էր «Լեւոն Տեր-Պետրոսյան. Ահազանգ» վերնագրված նյութը, որում ասված էր.«Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»: Tweet Դիտում՝ 5049