ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր նշել է, որ գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առաջնահերթ:Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրած՝ Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ «Վինար» ընկերության տնօրեն Ավետիք Գալստյանը:«Վինար»-ն ունի դեռեւս 2015թ. մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար»-ի ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն եւ Այգեզարդ համայնքներին:Գյուղնախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը եւ վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել:Բացի այդ, գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում, գումարները չստանալու պաճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները եւ խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ եւ խնդրել է քննարկել մինչեւ վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը:Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմ ժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը:Իգնատի Առաքելյանը նաեւ նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով: Tweet Դիտում՝ 6144