ՀՀ բանկային համակարգը 2016թ. ընթացքում ցուցաբերել է առաջխաղացում ինչպես ՀՀ Կենտրոնական բանկի՝ նորմատիվային կապիտալի վերաբերյալ նոր պահանջին համապատասխանելու, այնպես էլ ակտիվների որակը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին նախօրեին ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով բանկային համակարգի վերջին զարգացումները: «ՀՀ բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն: Արձանագրվել է աճ թե՛ վարկերի, թե՛ ավանդների մասով: Ընդ որում, աճ է գրանցվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դրամային եւ արտարժութային ավանդների ուղղությամբ, ինչը խոսում է բանկերի նկատմամբ վստահության բարձրացման մասին»,- ընգծել է նա: Անդրանիկ Գրիգորյանը ԿԲ-ի նոր պահանջին բավարարելու նպատակով բանկային հատվածում տեղի ունեցող կապիտալի համալրման գործընթացը բնորոշել է «սահուն»: «Բանկերի մեծ մասը, որոնք դեռեւս չեն հասցրել համապատասխանեցնել իրենց կապիտալը նոր պահանջին, արդեն ԿԲ-ին են ներկայացրել դրա համալրման վերաբերյալ դիմում: Մնացել է ընդամենը 1-2 բանկ, որոնցից դեռեւս սպասում ենք վերջնական որոշման»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ տարեվերջին կունենանք շատ ավելի կայուն ֆինանսական համակարգ: Ներկայացնելով կարգավորչի կողմից դրամավարկային քաղաքականության վերջին մեղմացնող գործողությունները՝ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը նշել է, որ վերաֆինասավորման տոկոսադրույքի նվազեցման շարժառիթը տնտեսական ակտիվության վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշներն են: Միաժամանակ, Վահագն Գրիգորյանը հերքել է այն տեսակետը, թե ԿԲ-ի քաղաքականության մեղմացումը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ եւ նպատակաուղղված է աջակցելու վարչապետ Կարեն Կարապետյանի նոր կառավարությանը՝ նշելով, որ այս «որոշման տրամաբանությունը կապված է զուտ տնտեսական իրավիճակի հետ»: ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն էլ պարզաբանել է ԿԲ վերջին որոշումը՝ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվը 20%-ից 18%-ի հասցնելու մասին: «Մենք տարանջատել են երկարաժամկետ եւ կարճաժամկետ միջոցների նկատմամբ կիրառվող պարտադիր պահուստավորման նորմատիվը, որը եղել է ամենաէական եւ կարեւոր որոշումը: Դրա տրամաբանությունը հետեւյալն է՝ ԿԲ քաղաքականությամբ խրախուսում ենք, որպեսզի բանկերը փորձեն ներգրավել ավելի երկարաժամկետ միջոցներ, որը թույլ կտա նրան մտնել պարտադիր պակուստավորման ավելի ցածր նորմատիվի տակ, իսկ պարտավորությունների ժամկետայնության երկարաձգումը հնարավորություն կտա ակտիվային մասով ավելի ճկուն լինել»,- ընդգծել է Մհեր Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 4842