ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն այսօր ասել է, որ Հայաստանում խնդրահարույց վարկերի մակարդակը, որը գրեթե նույնն է բոլոր բանկերի մոտ (շուրջ 10%), դադարել է աճել:Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով խնդրահարույց վարկերի վերաբերյալ Banks.am-ի հարցին:«Մեզ արդեն հայտնի է վարկային պորտֆելում ունեցած մեր խնդիրները: Այժմ իրականացնում ենք վարկերի վերակառուցում կորպորատիվ եւ ֆիզանձ հաճախորդների համար: Այս իրավիճակը պայմանավորված է ՀՀ արժութային շուկայում տեղի ունեցած ցնցումներով, ինչպես նաեւ ռուբլու արժեզրկման հետեւանքով հայ արտահանողների առջեւ ծառացած մարտահրավերներով»,- ընդգծել է Յուրի Գուսեւը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունն ավելի ուշադիր կլինի խնդրահարույց վարկերի լուծմանը դատաիրավական համակարգում, քանի որ առանց դրա արդյունավետ իրականացման՝ բանկերի խնդիրը բարդանում է: ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովի խոսքով` խնդրահարույց վարկերի հետ կապված իրավիճակը հետխորհրդային երկրներում բավական տարբեր է: «Հայաստանում իրավիճակը վերադարձել է նորմայի, ՎՏԲ-Հայաստան Բանկում վերակառուցվել է շուրջ 1200 վարկ, որոնք ցույց են տալիս բավական լավ միտում, շատ արագ մարվում են, եւ ուշացումներ արձանագրվում են վերակառուցված վարկերի միայն 10%-ի դեպքում, ինչը շատ լավ ցուցանիշ է»,- նշել է նա:Միխայիլ Զադորնովի կարծիքով` ՀՀ բանկային համակարգում խնդրահարույց վարկերի իրական թիվը 10%-ից բարձր է, քանի որ բանկերը թաքցնում են խնդրահարույց վարկերի թիվը: «Ռուսաստանում միեւնույն իրավիճակն է. ժամկետանց վարկերի մակարդակը կազմում է 10-11%, ընդ որում, այս ցուցանիշն էականորեն չի տարբերում մանրածախ եւ կորպորատիվ հատվածների համար: ՌԴ-ում անցել է մանրածախ ոլորտում խնդրահարույց վարկերի պիկը. տարեվերջին այն արդեն կսկսի նվազել` կապված վարկավորման ծավալների աճի հետ: Մինչդեռ կորպորատիվ հատվածում ընդհանուր վարկավորման ծավալները չեն աճում, հետեւաբար՝ ժամկետանց վարկերի մասնաբաժինը մեծանում է»,- ընդգծել է նա:ՎՏԲ 24 Բանկի ղեկավարը նշել է, որ խնդրահարույց վարկերի հետ կապված լավ իրավիճակ է Վրաստանում, վատ Ուկրաինայում` կապված գրիվնայի արժեզրկման եւ քաղաքական իրավիճակի հետ: Tweet Դիտում՝ 11489