ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ:Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարեւորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը եւ ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաեւ ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը եւ ներդրումների ներգրավմանը:«Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները եւ սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք՝ նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- ասել է Կարեն Կարապետյանը: Բացի այդ, գործադիրի ղեկավարն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր եւ միջին բիզնեսը՝ այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը: Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները եւ բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման եւ տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 4518