Երեւանի ավագանին այսօր սահմանել է Փ.Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում՝ Վերնիսաժում, առեւտրային գործընթացի կազմակերպման պայմանները, ինչպես նաեւ սահմանափակումները:Ավագանու որոշման համաձայն` Վերնիսաժում այսուհետ կվաճառվեն միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաեւ ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք եւ այլ ապրանքներ հետեւյալ տեսականիով՝ փայտից քանդակներ, օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն եւ առարկաներ, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո եւ վիդեո արտադրանք: Նույն որոշումով նաեւ սահմանվում է, որ ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում արգելվում է վաճառել գյուղատնտեսական եւ պարենային մթերքներ, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, ծխախոտային արտադրանք, համակարգչային, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր եւ բժշկական նշանակության արտադրանք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում՝ հնամաշ, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնամենի մշակույթ, ինչպես նաեւ այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ։ Tweet Դիտում՝ 3229