Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանն ասել է, որ ընկերությանն այս տարի հաջողվել է 1,5%-ով ավելացնել վաճառքի ծավալները` չնայած հայկական կոնյակի արտահանման ընդհանուր ցուցանիշի անկմանը:«Մեզ հաջողվել է պահպանել վաճառքի ցուցանիշը եւ, անգամ, գրանցել աճ, որի համար պայքարել ենք խիստ գնային մրցակցության պայմաններում` ֆինանսական կորուստների եւ շահութաբերության կրկնակի անկան հաշվին»,- նշել է Իգոր Առաքելյանը:Նրա խոսքով` գնային քաղաքականության մեջ ընկերությունն այսօր հասել է նվազագույն շեմի` հաշվի առնելով ինքնարժեքը, ներդրումները, գովազգային եւ հովանավորչական ծախսերը:«Պետք է սովորենք աշխատել նոր պայմաններում` միգուցե՝ ավելի քիչ շահույթով: Այսօրվա մեր գերնպատակն է չքանդել այն, ինչ ստեղծել ենք տարիներ շարունակ: ԱՐԱՐԱՏ-ն իր գնային սեգմենտում մտնում է ռուսաստանյան շուկայի լավագույն 5 կոնյակների ցանկում: Մենք չենք պատրաստվում իջեցնել նշաձողն ու պայքարել ցածր գնային մակարդակում»,- ընդգծել է ԵԿԳ տնօրենը:Իգոր Առաքելյանի բնորոշմամբ` սպառողը ճանաչում է իրենց արտադրանքը, սակայն, շատ դեպքերում, «անհնար է մտնել այնպիսի գնային պայքարի մեջ, որպեսզի ԱՐԱՐԱՏ խմեն բոլորը»:«Նախ, մեզ մոտ բարձր է խաղողի ինքնարժեքը` պայմանավորված ՀՀ բնակլիմայական առանձնահատկություններով: Բացի այդ, մենք պետք է կատարենք որոշակի ներդրումներ` ապահովելու կոնյակի ներկայանալի իմիջը»,- պարզաբանել է նա:ԵԿԳ-ի հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, այնուամենայնիվ ԱՐԱՐԱՏ-ի արտահանման աշխարհագրության կառուցվածքում նկատվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, շուրջ 75%-ով աճել է արտահանումը դեպի ԱՄՆ եւ 13%-ով` դեպի Մերձբալթյան երկրներ: Իգոր Առաքելյանի խոսքով` հայկական կոնյակի վաճառքը պահպանելու համար անհրաժեշտ է նաեւ արտահանել «Հայաստանը»` որպես անուն, բրենդ: Այդ համատեքստում ընկերությունը մասնակցում է մշակութային տարբեր միջոցառումների: Վերջերս, օրինակ, աջակցել է Ռուսաստանի Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսի բացմանը: ԵԿԳ տնօրենը հիշեցրել է, որ ֆինանսական տարին ընկերությունը սկսել է նոր կոնյակով` ներկայացնելով ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ԱՐԱՐԱՏ 25-ը: Նրա խոսքով՝ անցյալ տարի թողարկված 30 տարեկան Էրեբունու «հաջող փորձն ու ընկերության ունեցած հնագույն սպիրտի հավաքածուն թույլ են տվել թողարկել նման բարձրակարգ տեսականի»: Անդրադառնալով մթերումներին՝ Իգոր Առաքելյանը հայտնել է, որ այս տարի իրենք նախատեսում են գնել շուրջ 32 հազ. տոննա խաղող` 130 դրամ/1 կգ գնով (ավելի քան 4 մլրդ դրամ):«Սա այն առավելագույն ծավալն է, որ կարող ենք մթերել` գործարկելով ֆինանսական եւ արտադրական բոլոր հնարավորությունները: Այդուհանդերձ, նախատեսում ենք մթերել Բերդի մասնաճյուղում գյուղացիների ամբողջ բերքը` հաշվի առնելով սահմանամերձ գոտիներում սոցիալական հարցի սրությունը»,- նշել է ԵԿԳ տնօրենը` տեղեկացնելով, որ մթերված խաղողի դիմաց ընկերությունը վճարում է 3-4 օրվա ընթացքում: Tweet Դիտում՝ 4997