Յունիբանկը՝ Գերմանահայկական հիմնադրամի եւ գերմանական KfW բանկի հետ համատեղ, սկսել է բիզնես վարկավորման նոր՝ «Էներգաարդյունավետ» ծրագիրը:Ինչպես տեղեկացրել են բանկում, ծրագրին կարող են դիմել արտադրության, առեւտրի, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման եւ այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցները կամ ընկերությունները:«Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ստանալ բիզնես վարկեր շահավետ պայմաններով, այլեւ էապես կրճատել ձեռնարկության էներգածախսերը: Հաշվի առնելով շուկայի եւ բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները` Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն եւ անհատական ժամանակացույց, իսկ վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների»,- ասված է հաղորդագրությունում: Վարկը տրամադրվում է դրամով, տարեկան մինչեւ 14% տոկոսադրույքով, առավելագույնը 5 տարի ժամկետով եւ 1 մլն դրամից մինչեւ 500 մլն դրամի չափով: Վարկավորումն իրականացվում է անշարժ գույքի կամ ավտոտրանսպորտային միջոցի գրավադրմամբ: «Յունիբանկի վարկային ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Գերմանական KfW բանկի հետ համատեղ այս ծրագիրը բիզնեսին հնարավորություն կտա ստանալ մատչելի միջոցներ էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, արտադրական հզորության բարձրացման եւ տեխնոլոգիաների նորացման համար: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է կրճատել օգտագործվող էներգիայի ծավալները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Վարկավորման պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերի. մենք չունենք միջնորդավճարներ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը»,- ասել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը: Tweet Դիտում՝ 14446