Այս օրերին Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հրավերով Հայաստանում են ֆրանսիական Derenoncourt consultance խորհրդատվական ընկերության փորձագետներ, խաղողագործ Էմանուել Ռամոնդը եւ գինեգործ Ժուլյեն Լավենուն: Նրանք սեպտեմբերի 6-ին այցելել են Վայոց ձորի մարզ, շրջել խաղողի այգիներով ու գործարաններով՝ կիսելու իրենց ունեցած փորձն ու խորհուրդներ տալու խաղողագործներին ու գինեգործներին: Ժուլյեն ԼավենունԼուսանկարը՝ Մեդիամաքս«Վայոց ձորը հրաշալի պայմաններ ունի գինեգործության համար: Այստեղ կարելի է միանգամից մի քանի տեսակի խաղող աճեցնել: Հայաստանն այսօր խնդիր ունի բարձրացնել գինու որակն ու դուրս գալ եվրոպական լայն շուկա: Դրա համար պետք է սկսել խաղողի որակից: Այցի վերջում կներկայացնենք որոշակի ընդհանուր պատկերացում խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում առկա խնդիրների շուրջ: Կարծում եմ՝ կարճ ժամականում կարելի է բարձր որակի գինի ստանալ, քանի որ պայմանները թույլ են տալիս»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է Ժուլյեն Լավենուն: Շարք առ շարք շրջելով խաղողի այգով՝ Էմանուել Ռամոնդն ուսումնասիրել է ողկույզները, որթերը, ոռոգման եղանակն ու բերքի որակը: Նշել է՝ հայերը խաղող մշակելու դարերի փորձ ունեն, սակայն խորհրդատվությունը դեռ ոչ ոքի չի խանգարել՝ բարձրացնելու բերքի որակը: Էմանուել ՌամոնդըԼուսանկարը՝ Մեդիամաքս«Ձեր խաղողագործները բավական հմուտ են, բայց լավ գինի ստանալու համար ամեն մանրուք կարեւոր է, սկսած ճիշտ էտից, վերջացրած՝ բերքի հավաքմամբ ու մշակմամբ: Այսօր եղանք մի քանի այգիներում, զրուցեցինք խաղողագործների հետ, սկզբի համար մի քանի խորհուրդ տվեցինք, որը կիրառում են թե՛ Ֆրանսիայում, թե՛ աշխարհի տասնյակ երկրներում»,- նշել է Էմանուել Ռամոնդը:Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Ղեւոնդյանի խոսքով՝ փորձագետների կարճատեւ այցը ոգեւորել է խաղողագործներին ու գինի արտադրողներին, քանի որ փորձի փոխանակումը միշտ օգտակար է լավ արտադրանք ստանալու համար: Մերի Ղեւոնդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս«Derenoncourt consultance-ը աշխարհի 10 լավագույն խորհրդատվական ընկերություններից է այս ոլորտում: Մեր հյուրերը եղել են աշխարհի բազմաթիվ երկրներում ու կիսել իրենց գինեգործական հարուստ փորձը: Նորաստեղծ հիմնադրամի վերջնական նպատակը միջազգային ասպարեզում մրցունակ գինի ապահովելն ու հայկական գինու միասնական բրենդ ստեղծելն է: Առաջին քայլն արեցինք հենց այգիներից՝ դրանց խնամքին ու գինու արտադրությանը վերաբերող խնդիրները նախանշելու ու լուծումներ առաջարկելու նպատակով, այցելել ենք 10 գինեգործական ընկերություն ու այգի, մանրամասն լսել ֆրանսիացի մասնագետների խորհուրդները»,- ասել է Մերի Ղեւոնդյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ստեղծվել էր այս տարվա հունիսի 23-ին՝ կառավարության որոշմամբ: Կառույցը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի գինեգործության վարկանիշը, գինիները մրցունակ դարձնելու նաեւ միջազգային շուկայում, նպաստելու գինու արտահանման գործընթացին:Սուրեն Ստեփանյան Tweet Դիտում՝ 4872