ԿԲ-ն ներկայացրել է բանկերի հիմնական ցուցանիշների կանխատեսումները

23.08.2016 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերն առաջիկա տարիներին ակնկալում են վարկավորման ծավալների աճ` պայմանավորված տնտեսության աշխուժացման ֆոնին վարկերի նկատմամբ պահանջարկի ավելացմամբ:

Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018 թթ.» զեկույցում, որտեղ արտացոլված են բանկերի մշակած ռազմավարություններն ու հիմնական ցուցանիշների կանխատեսումները:

Զեկույցի համաձայն, դիտարկվող ժամանակահատվածում բանկերն ակնկալում են ընդհանուր ակտիվների աճ` միջինում տարեկան 8,8%-ի չափով: Այն հիմնականում պայմանավորված կլինի վարկային պորտֆելի ավելացմամբ (միջին տարեկան աճ` 13,3%), ինչի արդյունքում վարկերի տեսակարար կշիռն ակտիվներում 2015թ. վերջի համեմատ կաճի 7,6 տոկոսային կետով` կազմելով 66,4%:

Ըստ բանկերի` ՀՀ տնտեսությունում առաջիկա տարիներին կպահպանվի դոլարայնացման բարձր մակարդակը. ավանդատուները կշարունակեն նախընտրել պահել խնայողություններն արտարժույթով:

Առաջիկա երեք տարիներին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27,2%-ով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3,54 տոկոսային կետով` 2015թ. վերջի 60,6%-ից 2018թ. հասնելով 64,1%:

Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա դրանց մասին առկա են տարաբնույթ կանխատեսումներ:

Որոշ բանկեր կարծում են, որ խոշորագույն խաղացողները կշարունակեն միջոցներ ներգրավել արտասահմանից, ինչը, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի վարկավորման եւ ավանդների ներգրավման տոկոսադրույքների բարձրացումը:

Բանկերի մի մասն էլ գտնում է, որ ավանդների տոկոսադրույքները կմնան բարձր, ինչն էլ, իր հերթին, բարձր կպահի վարկերի տոկոսադրույքները: Բանկերի մի մասն էլ էական տատանումներ չեն ակնկալում:  

Բանկային հատվածում կարծում են, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա զարգացումները եւ ապահովագրական շուկայի փոփոխությունները կավելացնեն դրամային երկարաժամկետ ռեսուրսների ծավալները:

«Կենսաթոշակային հիմնադրամների զարգացումը նոր հնարավորություններ կստեղծի կապիտալի շուկայում, ինչն իր հերթին բարենպաստ պայմաններ կապահովի բանկային գործունեության նոր ուղղությունների զարգացման համար»,- նշել են ԿԲ-ում:

Բանկերի հեռանկարային զարգացման ծրագրերով կանխատեսվում է, որ 2016-2018թթ. կապիտալը տարեկան կաճի միջինում 22,7%-ով` ընդհանուր առմամբ ավելանալով 79%-ով:

Ակտիվների շահութաբերությունը (ROA) այս տարիներին կգտնվի (-0,7)% - 2% միջակայքում, իսկ կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) կտատանվի (-4,2%) - 9,7% սահմաններում:

«2016թ. բանկային հատվածում մրցակցույթունը կսրվի` պայմանավորված նոր հաճախորդների ներգրավման անհրաժեշտությամբ»,- նշվում է ԿԲ զեկույցում:

Դիտում՝ 7233
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW