Հայաստանն ավելացնում է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները

09.08.2016 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի նախատեսում է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները հասցնել 120 000 տոննայի՝ նախորդ տարվա 76 700 տոննայի փոխարեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ ներկայացրնելով պտուղ-բանջարեղենի մթերումների եւ արտահանումների ընթացիկ արդյունքները:

«Ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 71 282 տոննա բանջարեղեն, որից՝ 47 780 տոննա լոլիկ, 26 808 տ պտուղ, որից՝ 6472 տոննա խնձոր, 5334 տոննա դեղձ, 7640 տոննա ծիրան եւ 7362 տոննա այլ պտուղ»,- նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ի դրությամբ արտահանվել է շուրջ 85 300 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 49 000 տոննայի փոխարեն:

Մթերումն ու գները  

Օգոստոսի 1-ից սկսվել է լոլիկի մթերումը: Փոխնախարարի փոխանցմամբ՝ պտուղ-բանջարեղենի դեպքում վճարումները կատարվում են մեկ-երկու օրվա ընթացքում: Լոլիկի եւ մի քանի այլ մշակաբույսերի մթերման ցածր գնի հետ կապված գյուղացիների դժգոհությունները, ըստ Ռոբերտ Մակարյանի, ուսումնասիրվում են:

Ռոբերտ Մակարյանը հիշեցրել է, որ որեւէ ապրանքի շուկայական գին որոշելու գործառույթ գյուղատնտեսության նախարարությունը չունի եւ չի միջամտում արտադրող-մթերող հարաբերություններին: Այս կամ այն մշակաբույսի գինը որոշվում է ազատ շուկայական հարաբերությունների միջոցով, եւ արտադրողները կնքում են համապատասխան պայմանագրեր:

Չնայած վատատեսական կանխատեսումներին՝ ծիրանի արտահանման գործընթացն այսօր էլ շարունակվում է, գներն անցյալ տարվա համեմատ ավելի բարձր են:

Արտահանման ուղղությունները

Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ` ընդհանուր արտահանման 85%-ը բաժին է ընկել Ռուսաստանին (73 300 տոննա): Արտահանման ծավալները մեծ են եղել նաեւ դեպի Բելառուս, Վրաստան, Իրաք եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Խաղողի հետ կապված խնդիրների մասին

Ըստ փոխնախարարի՝ խաղողը մթերող ու վերամշակող ընկերությունները 2015թ. բերքի դիմաց վճարելու տարբեր խնդիրներ ունեին, որոնք հիմնականում կապված էին արտահանման ծավալների ու վաճառքների կրճատման հետ:

Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների խնդիրը դեռ առկա է: Խաղողագործներին վճարվելիք 31.5 մլրդ դրամից մթերողները դեռ պարտք են 830 մլն դրամ, որը նախատեսվում է ամբողջությամբ մարել կազմված գրաֆիկների համաձայն:

Մինչ այս գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հանդիպումներ է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել մթերման գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրները: Ինչ վերաբերում է այս տարվա բերքի մթերմանը, ըստ նախարարի՝ դեռ մեկ ամիս ժամանակ կա, մինչ այդ կորոշվեն գներն ու վճարման գրաֆիկները:

Փոխնախարարի խոսքով՝ խաղողագործության եւ գինեգործության նորաստեղծ հիﬓադրամի նպատակն է նպաստել խաղողագործության զարգացմանը, զբաղվել առաջացած խնդիրներով, հայկական գինու արտադրության եւ արտահանման ծավալների մեծացմամբ:

«Հիմնադրամի կանոնադրային գործառույթներում բազմաթիվ կետեր կան, որով այս կառույցը կարգավորիրչ դեր է ունենալու: Զբաղվելու են նաեւ հայկական գինու բրենդավորման, նրա վարկանիշի բարձրացման հարցերով: Այժմ ձեւավորվում է հիմնադրամի աշխատակազմը, որոշակի արդյունքների մասին կարող ենք խոսել արդեն հաջորդ տարեսկզբին»,- ասել է Ռոբերտ Մակարյանը:

Դիտում՝ 3693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW