Հայաստանում կրթություն ստանալու հնարավորությամբ հետաքրքրվող միջազգային ուսանողների թիվը հետզհետե աճում է:Այս մասին է վկայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի «Կրթության արժեքը. Հիմքեր ապագայի համար» նոր զեկույցը, որը կազմվել է 15 երկրում բնակվող ավելի քան 6 200 ծնողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:Զեկույցի համաձայն` Հայաստանում սովորող միջազգային ուսանողների թիվը 2014-ին կազմել է 3 647, ինչը 10%-ով գերազանցում է 2010-ի ցուցանիշը: Նրանք հիմնականում 5 երկրներից են՝ Ռուսաստան (29%), Վրաստան (25%), Հնդկաստան (23%), Իրան եւ Սիրիա (յուրաքանչյուրը՝ 6%): Միաժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ վերջին հինգ տարիներին բարձրագույն կրթություն ստացող հայ ուսանողների թիվը նվազել է 28%-ով:Ինչ վերաբերում է ուսման վարձավճարին, ապա, ըստ փորձագետների, Հայաստանում այն տատանվում է $840-1 680 սահմաններում, ինչը համեմատաբար ցածր է ուսումնասիրված երկրների միջինացված ցուցանիշից ($9 100): Այն համեմատաբար մոտ է Հնդկաստանի ($581), Մեքսիկայի ($750) եւ Թուրքիայի ($1 276) ցուցանիշներին:«Հայ ծնողները, որոնք չունեն բավականաչափ խնայողություններ իրենց երեխայի ուսման ծախսերը հոգալու համար, ստիպված են դա անել առօրյա եկամուտների հաշվին՝ զոհաբերելով իրենց բարեկեցության, արձակուրդի կամ հավելյալ ճոխությունների համար նախատեսված գումարները կամ պարտք վերցնել»,- նշում են փորձագետները:Զեկույցում նշվում է, որ հայաստանյան որոշ բանկեր առաջարկում են ուսանողական վարկեր, իսկ 2013-ից մեկնարկել է ՀՀ կառավարության` հատուկ պայմաններով ուսանողական վարկեր տրամադրելու ծրագիրը, որի նպատակն է օգնել ծնողներին գտնելու ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ:Միեւնույն ժամանակ, ըստ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի փորձագետների, համակարգում ուսանողական վարկերի պորտֆելը թեեւ փոքր, բայց կանոնավոր աճ է գրանցել՝ 2016թ. մայիսի դրությամբ հասնելով $8,2 մլն-ի: Ծնողները հետզհետե սկսել են նախապատվություն տալ դրամային վարկերին:«Ծնողների ֆինանսական զոհողություններն արտահայտում են նրանց պատրաստակամությունը`աջակցելու երեխաներին հասնել իրենց նպատակներին: Կարեւոր է, որ ծնողներն ունենան ֆինանսական ծրագիր՝ ընտանիքի երկարաժամկետ կարիքները բավարարելու համար: Վերջինս պետք է պարբերաբար վերանայվի, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան լավագույնս օժանդակել երեխաներին կրթության հարցերում եւ, միաժամանակ, արդյունավետ կերպով կյանքի կոչել իրենց սեփական երկարաժամկետ ֆինանսական նպատակները», -հետազոտության արդյունքները մեկնաբանելով` նշել է Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը: Tweet Դիտում՝ 19273