Ռիո դե Ժանեյրոյում շուտով կմեկնարկեն 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Նման սպորտային մեծ իրադարձությունները, զգալի կապիտալ ծախսեր պահանջելով հանդերձ, որպես կանոն, իրենց դրական ազդեցությունն են թողնում հյուրընկալող երկրի տնտեսության վրա` նպաստելով զբոսաշրջիկների եւ փողերի մեծ ներհոսքի:Rio 2016-ի նախաշեմին Banks.am-ը ներկայացնում է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը տարվա ամենասպասված սպորտային իրադարձությանը:Business Insider պարբերականը գրում է, որ տեսականորեն սպորտային խաղերի դրական ազդեցությունն ավելի շատ զգացվում է փոքր տնտեսություններում, որտեղ զբոսաշրջության ակտիվացումն ու ենթակառուցվածքներում կատարված ներդրումներն առավել զգալի են: Հետեւաբար, ինչպես կարծում են շատ տնտեսագետներ, միայն Օլիմպիադան բավարար չէ Բրազիլիայում տնտեսական «թռիչք» ապահովելու համար, քանի որ այն արդեն իսկ խոշոր տնտեսություն է: «Մեր համոզմունքներով`Օլիմպիադայի հետ կապված ներդրումներն էական տնտեսական ազդակ չեն հաղորդի Բրազիլիային, որի տնտեսությունը հասնում է շուրջ $1,8 տրիլիոնի»,- նշել է Goldman Sachs-ի փորձագետ Ալբերտո Ռամոսը (Alberto Ramos):Ավելին, Capital Economics հետազոտական կենտրոնի զարգացող երկրների գծով տնտեսագետ Էդուարդ Գլոսոփը (Edward Glossop) կարծում է, որ Օլիմպիական խաղերի նպատակով ժամանած զբոսաշրջիկների փաստացի քանակը կլինի ավելի քիչ, քան Բրազիլիայի պաշտոնական կանխատեսումներն են` պայմանավորված «զիկա» վիրուսի հետ կապված մտավախություններով (չնայած որ վարակվելու հավանականությունը բավական ցածր է):The Economist-ը նույնպես հոռետես է Օլիմպիական խաղերի` Բրազիլիայի տնտեսության բարելավմանը նպաստելու հարցում: Պարբերականը նշում է, որ խաղերի ավարտին Ռիոյի 6,5 մլն բնակչությունը կգիտակցի, որ Օլիմպիադան քիչ բան է արել քաղաքի տնտեսության երկարատեւ անկումը սանձելու ուղղությամբ: Տրամադրությունն այնտեղ բավական մռայլ է: Rio Como Vamos սոցիոլոգիական հարցումներ իրականացնող տեղական ընկերության տվյալներով` քաղաքի 56%-ը պատրաստ է լքել այն: Ռիոյի քաղաքացիները հույս ունեն, որ խաղերի անցկացումը կնպաստի քաղաքում հանրային ծառայությունների որակի բարձրացմանն ու աշխատատեղերի ավելացմանը: Ռիոն ունի հանցագործությունների վատ համբավ. չնայած 2009-2011 թթ. այս ցուցանիշը կիսով չափ կրճատվել է, այնուամենայնիվ, դրանից հետո որեւէ դրական տեղաշարժ չի գրանցվել: Ռիոյի՝ բռնությունների բարձր մակարդակ ունենալու համբավը ստվեր է գցել Օլիմպիական խաղերի վրա, սակայն խաղերի բարեհաջող ավարտը որոշակիորեն կփոփոխի այդ համոզմունքը:Reuters-ը գրում է, որ Օլիմպիադայի բացումից երկու օր առաջ դեռեւս առկա էր 1,3 մլն չվաճառված տոմս (վաճառքում առկա էր 6,1 մլն): Ռիոյի խաղերի տոմսերը հասանելի էին 2015թ. սկզբից, սակայն այնպիսի գործոններ, ինչպիսիք են Բրազիլիայի «դանդաղաշարժ» տնտեսությունն ու «զիկա»-ի շուրջ անհանգստությունը, հանգեցրել են տոմսերի նկատմամբ պահանջարկի անկմանը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: Համեմատության համար նշենք, որ 2012թ. Լոնդոնի խաղերում մեկ ամիս առաջ վաճառվել էր տոմսերի ավելի քան 80%-ը կամ 7 մլն տոմս` ընդհանուր 8 մլն-ից:Միաժամանակ, Օլիմպիական կոմիտեի տրամադրած տվյալներով՝ 2008թ. Պեկինում վաճառվել էր տոմսերի 95%-ը: Rio 2016-ի կազմակերպիչները նախապես պլանավորել էին վաճառել մինչեւ 7,5 մլն տոմս, սակայն ավելի ուշ կրճատեցին մինչեւ 6 մլն` որպես պատճառ նշելով միջոցառման տարածքային սահմանափակումները:Տոմսերի վաճառքը կարեւոր նշանակություն ունի քաղաքի եկամուտների հավաքագրման համար, որտեղ միայն $12 մլրդ ուղղվել է նախապատրաստական ծախսերին:Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 4319