Երեւանը տարբեր երկրներից համախմբել է 100 երիտասարդ հայ գործարարի

15.07.2016 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումը, որին մասնակցում է շուրջ 100 երիտասարդ գործարար Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

Ֆորումի կազմակերպիչ «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» նախագահ Մուշեղ Ավետիսյանը Banks.am-ի հետ զրույցում ասել է, որ ֆորումի անցկացման գաղափարը դրսում բավական ակտիվ եւ ոգեւորությամբ է ընդունվել:

«Ֆորումի մասնակիցները կծանոթանան Հայաստանի բիզնես միջավայրին, ներդրումային եւ արտահանման արտոնյալ պայմաններին: Կարեւոր է, որ ներդրում կատարողներին ցույց տանք նաեւ իրենց շահը, քանի որ միայն հայրենասիրության հիման վրա հիմնված ներդրումները հետեւողական չեն լինում եւ անձնային ներդրումներ են: Մենք ցանկանում ենք, որ ներդրումները լինեն համակարգային: Ներդրումներ, որոնք շահույթ կբերեն միաժամանակ եւ ներդրողին, եւ Հայաստանի տնտեսությանը: Հավատում եմ, որ հաջորդ տարի ֆորումի մասնակիցների թիվը առնվազն կրկնապատկվելու է»,- նշել է Մուշեղ Ավետիսյանը:  

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է, որ ֆորումն անցկացվում է Հայաստանի եւ Արցախի 25-ամյակի նախաշեմին:

«Պատահական չէ, որ այսօր աշխարհում սփռված լինելով, հայերը գործարար մեծ հաջողությունների են հասնում: Ես հավատացած եմ, որ այստեղ ծանոթանալով մեր գործարար միջավայրին՝ մեծ արդյունքներ կստեղծեք»,- ասել է նա:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր հերթին նշել է, որ արտերկրից բավարար չափով հայ գործարարներ չեն գալիս Հայաստան, ուստի հարկավոր է ավելի ակտիվ աշխատել ներդրումային դաշտի գրավչությունը ներկայացնելու, տարբեր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Անդրադառնալով կոռուպցիոն մարտահրավերներին՝ նա նկատել է.

«Չէի ասի, որ զարգացող երկրներում կոռուպցիա չկա: Այն երկրները, որոնց ընդօրինակում ենք, որոնց տնտեսության մոդելները ներգրավում ենք, այդ երկրներում եւս կան կոռուպցիոն գործոններ, բայց դրանք խնդիրներ են, որոնք պարբերաբար պետք է լուծել: Կան որոշակի գործողություններ, որոնք կառավարությունը կարճաժամկետ է իրականացնում, բայց խնդիրները կառավարության կողմից դրված են համակարգային: Դրանց էֆեկտը 1-2 օրում չի երեւա, բայց կա գործողությունների պլան, որ կառավարությունը հետեւողականորեն իրականացնում է»:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն էլ, անդրադառնալով ապրիլյան պատերազմի ազդեցությանը բիզնես միջավայրի վրա, ասել է.

«Ապրիլյան իրադարձությունները եւ անկայունությունն իրենց ազդեցությունը, իհարկե, թողել են, քանի որ այդ ամենի մասին խոսվել է միջազգային ԶԼՄ-ներով: Գործարարի տեսանկյունից դա որոշակի խնդիրներ ստեղծում է, հատկապես, երբ նրանք ամբողջովին չեն խորանում իրավիճակի մեջ: Պատերազմի հարցը լուծելուց հետո պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք՝ բացատրելով, որ իրականում իրադարձությունները Հայաստանում չեն եղել եւ Հայաստանը՝ որպես ներդրումներ իրականացնելու միջավայր, բավական բարենպաստ վայր է: Հայաստանի ԱԳՆ-ն այդ խնդիրը պետք է կարգավորի, եւ մենք դրանով զբաղվում ենք»,- նշել է Ռոբերտ Հարությունյանը:
 
Ֆորումին մասնակցելու համար Հայաստան է ժամանել շուրջ 30 հայ երիտասարդ գործարար ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լիտվայից, Թուրքիայից, Իրանից, ԱՄԷ-ից:

Ստամբուլից ժամանած Մուրադ Հայկօ Կոլուքսայանն առաջին անգամ է Հայաստանում:

«34 տարի է՝ բիզնեսով եմ զբաղվում Թուրքիայում, կաշվե պայուսակների եւ աքսեսուարների արտադրության փոքրիկ գործարան ունեմ, սակայն ցանկանում եմ բիզնեսս շարունակել Հայաստանում: Ծանոթ չեմ Հայաստանի բիզնես միջավայրին, պետք է բարեկամների օգնությամբ տեղեկանամ»,- նշել է նա:

Արուս Ադամյանը Ստեփանակերտից է՝ «Վարանդա Թրեվլ» տուրիստական գործակալության տնօրենն է:

«Բիզնեսը Հայաստան տեղափոխելու նպատակ չկա, քանի որ պետք է զարգացնենք Արցախի զբոսաշրջությունը: Այս ֆորումները մեծ հնարավորություն են տալիս, որպեսզի ստեղծենք կապեր, ընդլայնվենք: Քառօրյա պատերազմից հետո Արցախի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, իսկ զբոսաշրջիկների թիվը՝ նվազել: Ցանկանում ենք ներկայացնել, որ Արցախը բաց է ցանկացած զբոսաշրջիկի համար, արտասահմանից ֆորումին մասնակցող մեր գործընկերներին կառաջարկենք այցելել Արցախ»,- նշել է երիտասարդ գործարարը:

Դիտում՝ 5104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW