ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կարծում է, որ այս տարի, չնայած նախատեսվող առատ բերքին, գինու եւ կոնյակի գործարաններն ավելի քիչ խաղող կմթերեն:Ավագ Հարությունյանն այսպիսի տեսակետ է հայտնել այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը գործարանների ֆինանսական դժվարություններն են: Վերջինները չեն կարողանում անգամ վճարել գյուղացիներից ավելի վաղ ձեռք բերված խաղողի դիմաց, հետեւաբար՝ ստիպված կլինեն կրճատել այս տարի նախատեսվող մթերման ծավաները:«Ոգելից խմիչքների արտահանման ոլորտում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ բացասական միտումները շարունակվում են, բայց ոչ նախկին տեմպերով: Մենք գրեթե հասել ենք մի 0-ական կետի, որտեղից սկսել են վերականգնվել արտահանման ծավալները քանակական արտահայտությամբ, սակայն արժեքի առումով դեռ ճգնաժամային վիճակ է»,- ընդգծել է Ավագ Հարությունյանը:Գինեգործների միության նախագահը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից իրենք գրեթե չեն շահել, քանի որ «միությունն ավելի շուտ քաղաքական ուղղվածություն ունի»:«ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը մեզ տվել է մոտ 10-15% գնային առավելություն, ինչը մեր արտադրանքի բարձր ինքնարժեքի եւ տրանսպորտային մեծ ծախսերի պարագայում որեւէ էական ազդեցություն չի թողնել: Փոխարենը վատացրել է հարաբերությունները ԵՄ երկրների հետ»,- նշել է Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում հարեւան Վրաստանին ավելի «լավ աչքով» են նայում՝ հատուկ արտոնություններ տալով այնտեղից ներմուծվող գինիներին, տրամադրելով դրամաշնորհներ խաղողագործության եւ գինեգործության ոլորտի խնդիրների լուծման համար, «մինչդեռ Հայաստանն այս ամենից դուրս է մնում»:Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ ստեղծելու որոշմանը, Ավագ Հարությունյանը նշել է, որ դրա նպատակը ոլորտի բոլոր գործառույթները մեկ կառույցի ներքո իրականացնելն է, որպեսզի բոլոր վարկերը, դրամաշնորհներն ու պետական միջոցներն օգտագործվեն ավելի նպատակաուղղված եւ արդյունավետ: Ինչ վերաբերում է այս կառույցի արդյունավետությանը՝ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ այս մեծապես պայմանավորված է հոգեբարձուների խորհրդի «հնարավորինս անկախ եւ սրտացավ» լինելու հանգամանքով: Tweet Դիտում՝ 4807