Գնդեվազցիները դրական են գնահատում «Գեոթիմ»-ի հետ գործարքը

27.06.2016 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. «Գեոթիմ» ընկերության եւ կառավարության աշխատանքային խմբի համատեղ քննարկումների արդյունքում ընտրվել էր Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի տեղակայման վայրը: Տարածքը ներառում էր խոտհարք, գյուղնշանակության հողեր, արոտավայրեր եւ ծիրանի այգիներ, որոնք կազմում են Գնդեվազի ծիրանի այգիների մոտ 20%-ը:

Վերոնշյալ 20% հողատարածքի ձեռքբերման նպատալով 2014թ. աշնանը միջազգային եւ հայաստանյան փորձագետներն իրականացրել են կառավարության եւ ընկերության կողմից արդեն իսկ ընտրված հողերի գնահատում:

«Գեոթիմ»-ի սոցիալական ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանի խոսքով՝ գնահատվել է յուրաքանչյուր հողակտորը,  ծառերը՝ ըստ տարիքի եւ բերքի, հողակտորում առկա շինությունները: Գնահատման սկզբունքը՝ ըստ հողի, ծառի տարիքի եւ բերքատվության, նույնն է եղել բոլորի համար:  

Հողատերերին առաջարկվել է նաեւ հող՝ հողի դիմաց, դրամական փոխհատուցման փոխարեն:

«Հողերի ձեռքբերման հենց սկզբից գործընթացն իրականացվել է բացառապես կամավոր վաճառքի սկզբունքով: Ծրագրի տարածքում է գտնվում ընդհանուր առմամբ 279 հողակտոր, որ պատկանում է մոտ 150 սեփականատիրոջ:  Նախքան հողերի ձեռք բերումը, իրականացվել է կենսակերպի ուսումնասիրություն՝ գնահատելու ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը՝ որպես ելակետային տվյալներ, ապա այն համեմատվել է մոտակա 2-3 տարիների հետ՝ գնահատելու գյուղացիների նրանց կենսակերպը, զարգացման տենդենցները, ինչպես նաեւ մշակվել ռազմավարություն՝ եկամուտի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար»,-նշել է Նառա Ղազարյանը:

Հողատերերին մանրամասն իրազեկվել է գնահատման սկզբունքի եւ վճարվող փոխհատուցման չափերի, ինչպես նաեւ հողի դիմաց հող ունենալու հնարավորության մասին: Սզբունքը եղել է կամավոր վաճառքը:

Նառա Ղազարյանի փոխանցմամբ՝ գերակա շահի մոտեցումը պետք է կիրառվեր միայն որպես վերջին եւ միակ միջոց այն դեպքերի համար, որտեղ կային փաստաթղթային լուրջ խնդիրներ, կամ հողատերը չէր կամենում վաճառել իր հողը:

Ընդամենը 3 գերակա շահի դեպք կա ներկայում՝ կապված փաստաթղթային դժվարությունների հետ. ժառանգություն առանց անվանափոխության, արտերկրում գտնվող տարբեր սեփականատերեր եւ այլն: 150 հողատերերից միայն մեկը չէր կամեցել վաճառել հողը, սակայն վերջերս, նա վաճառեց իր մեկ հողակտորը, իսկ երկրորդի դիմաց ցանկացավ հող: Ներկայում հող՝ հողի դիմաց գործարքը ընթացքի մեջ է:

Ընկերության ներկայացուցչի ասածը հաստատում են նաեւ հող վաճառած գյուղացիներն ու պատմում գործարքի փոխհամաձայնեցված լինելու, ինչպես նաեւ իրենց հետագա ծրագրերի մասին:

«Հաջող գործարք է եղել գյուղացիների եւ ընկերության միջեւ: Շուկայականից մի փոքր էլ բարձր գնով ձեռք են բերել մեր հողերը, հետեւաբար դժգոհելու որեւէ առիթ չի եղել: Իսկ պայմանագրում նշված բոլոր կետերը կատարվել են ճիշտ ժամանակին: Ինքս հող եմ վաճառել եւ գոհ եմ համագործակցությունից: Գյուղացիների համար հիմա առաջարկվում է մի փոքր վերեւ՝ հյուսիսային Գնդեվազում տարածքներ, որտեղ նոր այգիներ են գցել. Դա ավելի մոտ է գյուղին, ոռոգման ջրի հարցն էլ արդեն իսկ լուծվում է»,- նշել է Գնդեվազի բնակիչներից Գերասիմ Անդրեասյանը:

«Ցորեն ու կորնկան էինք մշակում մեր հողում: Վաճառքից հետո ծիրանի նոր այգիներ եմ ձեռք բերել, չնայած, որ այդ այգուց բացի, այլ այգիներ էլ ունեմ: Բավական հաջող ու արդար գործարք է եղել, անգամ շատ փոքր հատապտղի ծառը գնահատել են: Ստացված գումարը շատ օգնեց՝ նոր տնամերձ հողեր ձեռք բերելու եւ դրանց միջոցով տղաներիս առանձին տներով ապահովելու հարցում: Գումարի մի մասն էլ որպես ավանդ եմ ներդրել բանկում. խելացի օգտագործելու դեպքում՝ այդ գումարը կարող ենք աշխատացնել մեր տնտեսության զարգացման համար»,- նշել է գնդեվազի բնակիչներից Ռիտա Խաչատրյանը:

«Եղել եմ ամենավերջին հող վաճառողը: Վաճառքի արդյունքում ստացած գումարը ներդրել եմ բիզնեսի մեջ՝ տղաս առեւտրով է զբաղվում, հիմա տանը մեծ թափով շինարարություն ենք սկսել, որն առանց այս գումարի անհնար էր, նաեւ նոր ծիրանի այգիներ ենք հիմնել հյուսիսային Գնդեվազում: Գործարքը միանշանակ շահավետ էր. իմ հաշվարկի համաձայն՝ գումարը, որը ստացա հողի ու այգու դիմաց՝ 10 եւ ավելի տարի աշխատանքի արդյունքում նոր հնարավոր կլիներ ձեռք բերել»,- նշել է նախկին հողատեր Արարատ Հակոբյանը:

«Նման կամավոր եւ սահուն առք ու վաճառքը թերեւս աննախադեպ գործընթաց է հայաստանյան պայմաններում: Նույն մոտեցմամբ սեզոնային հովիվներին, իրենց եւ գյուղապետերի մասնակցությամբ, առաջարկվել են նոր, ալտերանտիվ արոտավայրեր, որպեսզի նրանք կարողանան շարունակեն իրենց գործունեությունը: Նոր արոտավայրի ճանապարհը ներկայում վերանորոգվում է ընկերություն կողմից, շուտով կտեղադրվեն նաեւ խմոցներ»,- նշել է ընկերության սոցիալական ծրագրերի ղեկավարը:

Հողի դիմաց դրամական փոխհատուցումից բացի՝ ընկերությունն առաջիկա 2-3 տարիներին կիրականացնի կենսակերպի վերականգնման ծրագրեր՝ ազդակիր հողատերերին տրամադրելու եկամուտ խթանող միջոցներ՝ որպես ալտերնատիվ կենսակերպ:

Անցած տարվանից սկսած՝ «Գեոթիմ»-ն ավելի քան 82 մլն դրամ կամ $170 հազ. է ներդրել հյուսիսային Գնդեվազի ոռոգման համակարգի վերանորոգման՝ այնտեղ նոր այգիներ հիմնելու հնարավորության համար, մի շարք թեմաներով (ֆինանսների կառավարում, արոտների կառավարում, փոքր բիզնես եւ գյուղական տուրիզմ) սեմինարների կազմակերպման, ջերմոցների եւ նոր տեխնոլոգիաների միջոցով կենսակերպի բարելավման, փոքր բիզնեսի աջակցության եւ մի շարք հմտությունների ուսուցման (անգլերեն, խոհարարություն, սեղանի հարդարում, կար ու ձեւ) նպատակով:

«Համաձայնեցված գործարք է եղել: Վաճառել եմ 1 հա ու մի փոքր ավելի մակերեսով այգի, որի փոխարեն հիմա հիմնել եմ 7000 մետր տարածքով նոր՝ խնձորի, ծիրանի ու դեղձի այգի, որից երկու տարի հետո եկամուտ կարող եմ ստանալ: Գործարքից ստացած գումարի մի մասը պատրաստվում եմ ներդնել իմ տնտեսության զարգացման մեջ, մյուս մասով՝ սեփական փոքր բիզնեսը հիմնել»,- նշել է գյուղի բնակիչներից Վարդան Եղյանը:

Լուսանկարները՝ Սիրանուշ Եղիազարյանի

Դիտում՝ 2887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW