Բիզնես ոլորտի շահերը ներկայացնող մի շարք կառույցներ այսօր հանդես են եկել Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:Մասնավորապես, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը, Հայաստանի Բանկերի միությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի շինարարների միությունը, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն եւ Եվրոպական բիզնես ասոցիացիան իրենց անհամաձայնությունն են հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:Նշենք, որ Ազգային ժողովը հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի նախագիծը, որը գործարարների շրջանում կոշտ քննադատությունների է արժանացել: Հայտարարության հեղինակները, մասնավորապես, մտահոգիչ են համարում նախագծի հետեւյալ կետերը՝ եկամտային հարկի փաստացի բեռի ավելացումը, շրջանառության հարկի շեմի փոփոխությունը (40 մլն դրամ՝ 115 մլն դրամի փոխարեն), շահաբաժինների հարկման հարցը (տեղական ներդրողների համար՝ 5%, իսկ օտարերկրյա ներդրողների համար՝ 10%, այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ 0% է), ամորտիզացիայի ժամկետի երկարացումը, հարկային կանխատեսելի դաշտի բացակայությունը:Նրանք ՀՀ նախագահի եւ վարչապետի ուշադրությունը հրավիրում են հարցի անընդունելի լինելու փաստի վրա՝ կոչ անելով ԱԺ նախագահին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել հանրային լսումներ մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու, նախագիծը վերանայելու եւ իր հիմնական նպատակին համահունչ դարձնելու ուղղությամբ:«Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը, օրենսգրքին կողմ քվեարկած մարդիկ եւս մտահոգված են ներկայացված նախագծով, եւ, մինչ երրորդ ընթերցումը, հսկայական փոփոխությունների կգնան: Հույս ունեմ, որ օրենսգրքի վերջնական տարբերակն ընդունելի կլինի հասարակության համար»,- ասել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:Նրա խոսքով՝ նման կարեւոր փաստաթուղթը պետք է ունենա լիարժեք հիմնավորում. «Մինչդեռ այժմ չկա որեւէ կանխատեսում՝ կապված ապագայի հետ, չկա վերլուծություն, թե օրենսգրքով նախատեսվող այս կամ այն փոփոխությունը հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ երկրի տնտեսության վրա»:Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ նկատել է, որ «պետական բյուջեն նոր մուտքերով պետք է համալրել տնտեսության ճյուղերի զարգացմամբ, ոչ թե նման մոտեցման շնորհիվ, ինչը ստվերին վերադառնալու մեծ վտանգ է պարունակում»: Ըստ նրա՝ Հարկային նոր օրենսգրքի այս տարբերակի ընդունումը կարող է մեծ վնաս հասցնել բանկերի եւ ՏՏ ընկերությունների աշխատանքի թափանցիկությանը: «Հարկային օրենսգրքի այս նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ ում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությանը, որը հոսանքին հակառակ ուղղությամբ կարող է տանել ոլորտը եւ արդեն իսկ վտանգ է ներկայացնում: Հիմա, երբ օտարեկրյա ներդրողների հետ քննարկում ենք մեզանում ներդրումային եւ բիզնեսի զարգացման հնարավորությունները, նկատի ենք ունենում նոր օրենսգիրքը, ինչը վնասում է երկրի ներդրումային գրավչությանը»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը:Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը եւս կարծում է, որ Հարկային նոր օրենսգիրքն ամենամեծ ազդեցությունը կարող է թողնել բանկերի եւ ՏՏ ոլորտի, ինչպես նաեւ երկրի ներդրումային իմիջի վրա:«Խոսելով գիտելիքահեն տնտեսության զարգացման մասին՝ պետք է գիտակցենք, որ Հարկային նոր օրենսգիրքը մեծ վնաս կարող է հասցնել դրան»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 6220