ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում, եղել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սասստեքս» ընկերությանը պետության աջակցությամբ տրամադրված շինություններում, որտեղ ներկայում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ընկերության ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կառուցապատման աշխատանքների ընթացքը և տեղեկացրել, որ ձեռնարկությանը տրամադրված շենքերի շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է €4 մլն, իսկ գործարանում ստեղծվելու է շուրջ 400 նոր աշխատատեղ: Ներկայում շինաշխատանքներում ներգրավված է 80 մարդ: Ձեռնարկության ամբողջ արտադրանքը նախատեսվում է արտահանել եվրոպական երկրներ: Ակնկալվում է, որ տեքստիլի արտադրության գործարանը Շիրակի մարզում ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից մեկն արդեն իսկ գործում է Ամասիայում: Մասնաճյուղերից յուրաքանչյուրում նախատեսվում է ստեղծել միջինը 100 աշխատատեղ: Tweet Դիտում՝ 3895