Համաշխարհային բանկը (ՀԲ) այսօր ներկայացրել է «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան հաշվետվություն» զեկույցը:Ծրագիրն իրականացվել է ՀԲ-ի կողմից եւ նպատակ ունի օժանդակել ՀՀ կառավարությանը՝ տալով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկարագրությունն ու գնահատելով կայուն տնտեսական զարգացման մեջ դրա հնարավոր ներուժը: «Զեկույցը ծավալուն գիտելիքային հենք է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին, որը հանդիսանում է ՀՀ տնտեսության կարեւոր եւ արտահանող առաջնային ճյուղերից մեկը: Փորձել ենք հասկանալ՝ ինչպես կարող է հանքարդյունաբերությունը նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես պետք է պայքարել հանքագործության արդյունքում եւ զուգահեռ առաջացող բնապահպանական եւ սոցիալական մարտահրավերների դեմ: Սա կենսական կարեւորություն ունի ոլորտի ապագայի միասնական տեսլական ունենալու համար»,- նշել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ աջակցության եւ ոլորտի ծավալուն ուսումնասիրության համար:«Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարեւոր հենասյուներից է, որն ունի աճի հնարավորություն: Մենք համոզված ենք, որ ոլորտի ապագայի վերաբերյալ տեսլականը պետք է կիսեն իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը եւ հանքարդյունաբերող ընկերությունները, ինչի ուղղությամբ քայլերն արդեն իսկ արվում են»,- ասել է նախարարը:Ուսումնասիրության համաձայն՝ հանքարդյունաբերությունը հայաստանյան տնտեսության կարեւոր՝ օժանդակող ոլորտներից է, որը բերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների, արտահանման ծավալների, նոր աշխատատեղերի եւ հարկային մուտքերի ավելացման: Հետազոտողները, սակայն, փաստում են, որ ոլորտում գերակշռող դեր ունի մեկ մեծ հանք, ինչը խոցելի է դարձնում այն: Բացի այդ, մշտական շահույթ ապահովում են ընդամենը մի քանի ընկերություններ, ինչպես նաեւ քիչ են իրականացվում երկրաբանական հետազոտություններ եւ հետախուզական աշխատանքներ:Խնդիրներ կան նաեւ բնապահպանական տեսանկյունից, մասնավորապես՝ հանքավայրերի եւ դրանց պոչամբարների վերականգնման համար չկան համապատասխան ծրագրեր եւ ֆինանսական միջոցներ, ոլորտը հիմնված է պոչամբարների կառուցման մեթոդի վրա, ինչը բերում է սեյսմակայունության բարձր ռիսկի առկայության: Կան նաեւ խնդիրներ՝ բնապահպանական օրենքների կիրառման, պարզեցման եւ համաձայնեցման հետ կապված:Սոցիալական կայունության տեսանկյունից՝ հետազոտողները դժվարանում են գնահատել հանքարդյունաբերության իրական սոցիալական ազդեցությունը, սակայն նկատում, որ այն բնակչությանն ապահովում է աշխատատեղերով ու կայուն եկամուտով:Առաջարկություններից կարեւորվում է, որ հանքարդյունաբերությունը պետք է նպաստի կայուն եւ համաչափ տնտեսական զարգացմանը, ստեղծի պայմաններ, ըստ որոնց օգուտները կբաշխվեն ազգային մակարդակում, իսկ ազդակիր համայնքները չեն ենթարկվի բացասկան տնտեսական կամ սոցիալական ազդեցության:«Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նկատել է, որ որպես ռազմավարական գնահատականի սկիզբ՝ զեկույցը բավական կարեւոր նշանակություն ունի:«Հետազոտությունը կոտրում է կարծրատիպեր, օրինակ, այն մասին, թե հանքարդյունաբերությունը ՀՀ-ում ցածր հարկվող ոլորտ է, կամ հանքարարդյունաբերության ծավալը մեզանում ահռելի է: ՀԲ-ի կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է մեր տնտեսության զարգացման կարեւոր ճյուղերից մեկը եւ տարածված երեւույթ է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Կանադան, Չիլին, Շվեդիան, Ավստրաիլիան, Մեքսիկան եւ այլն»,- ասել է Արմեն Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ ՀԲ հետազոտող մասնագետների վեր հանած հարցերի շրջանակը հետագայում ավելի կընդլայնվի եւ դրանց լուծման հետ կապված առաջարկությունների ներկայացումը կկրի շարունակական բնույթ: Tweet Դիտում՝ 3902