Տաթեւեր ճոպանուղին այսօր ինքնաբավ կառույց է` «2014 թվականին մեր եկամուտներն ու օպերացիոն ծախսերը հավասարվեցին, իսկ հետագայում սկսեցինք որոշակի շահույթ ստանալ»։ Այս մասին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը: Նա նկատել է, որ ստացված ամբողջ շահույթը ուղղվում է Տաթեւի վանական համալիրի վերականգնողական աշխատանքներին։«Ակնհայտ է, որ մինչեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մեկնարկն ու ճոպանուղու կառուցումը տարածաշրջանում լիովին այլ պատկեր էր՝ աշխատատեղերի քանակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ արտագաղթի ցուցանիշների առումով:Մինչեւ ճոպանուղու գործարկումը Տաթեւի տարածաշրջան էր այցելում տարեկան ընդամենը 7-8 հազար մարդ։ Վերջին տարիներին Տաթեւեր ճոպանուղին տեղափոխում է տարեկան շուրջ 100 հազար այցելու, իսկ Տաթեւ այցելողների ընդհանուր թիվը հասնում է 130 հազարի։ Այս ամենը, իհարկե, չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ տարածաշրջանի զարգացման վրա»,- նշել է Հայկ Թութունջյանը:Միաժամանակ, ինչպես նշել է ծրագրի ղեկավարը, Ճոպանուղին դեռեւս իր լիակատար հզորությամբ չի աշխատում, սակայն «մենք ձգտում ենք ավելացնել զբոսաշրջային հոսքերը, եւ այդ նպատակին հասնելու համար տարբեր ծրագրեր ունենք՝ ճոպանուղու շրջակա տարածքներում տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու համար»: Մասնավորապես, ճոպանուղու Հալիձոր կայանի շրջակա տարածքի համար մշակվել է զարգացման հայեցակարգ եւ գլխավոր հատակագիծ, որն արդեն անցել է կազմակերպության ներքին հաստատման փուլերը։ Մոտ ապագայում հայեցակարգը եւ գլխավոր հատակագիծը կքննարկվի համայնքների հետ։ Ըստ գլխավոր հատակագծի, Հալիձոր կայանի շրջակա տարածքում պետք է ստեղծվեն մի շարք նոր տուրիստական ծառայություններ եւ ենթակառուցվածքներ՝ ավելացնելով զբոսաշրջային հոսքերը եւ զբոսաշրջիկի այցելության միջին տեւողությունը։ «Ծրագրով նախատեսվում է իրականացնել ներդրումներ, սակայն առանց պետական աջակցության դրանց մասին հնարավոր չէ խոսել, քանի որ առկա են ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Դրա կիրառման դեպքում հնարավոր կլինի ներգրավել ներդրումներ՝ ստեղծելով նոր ծառայություններ եւ աշխատատեղեր։ Պետք է նշեմ, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ է։ Հուսով եմ, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի եւ կնպաստի է տարածքային զարգացմանը, համայնքների սոցիալ-տնտեսական աճին եւ պատմամշակութային արժեքների պահպանմանը»,- Մեդիամաքս-ին ասել է Հայկ Թութունջյանը:Նշենք, որ հունիսի 5-ից 10-ը ՏաԹեւեր ճոպանուղում կայանալու է բեյսջամփինգի միջազգային փառատոն: Այս միջոցառման, ինչպես նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի կոզմից իրականացվող այլ նախագծերի մասին պատմող հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 13754