Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ն հրապարակել է Ամուլսարի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փոփոխված տարբերակը:Մայիսի 31-ին ընկերությունը դրա քննարկումներ է անցկացրել Ամուլսարի հարակից՝ Ջերմուկ, Գնդեվազ, Գորայք եւ Սարավան համայնքների ներկայացուցիչների, իսկ հունիսի 2-ին Երեւանում՝ հասարակական, փորձագիտական, գիտական ինստիտուտների եւ հաստատությունների, ինչպես նաեւ այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Դեռ 2015-ին հրապարակված ԲՍԱԳ-ը վերանայվել եւ վերախմբագրվել է լրացուցիչ հետազոտությունների հիման վրա՝ անցյալ տարի իրականացված ծրագրի ինժեներական փոփոխություններին համապատասխան: Փաստաթուղթը պատրաստվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) չափանիշներին եւ պահանջներին համապատասխան: ԲՍԱԳ-ը ծրագրի հնարավոր սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունների գնահատումն է, որը իրականացնում են այն ընկերությունները, որոնք ֆինանսավորում են ստանում IFC-ի, ՎԶԵԲ-ի կամ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից: Այն սահմանում է մեղմացման եւ կառավարման այն միջոցառումները, որոնք պահանջվում են հնարավոր ազդեցություններից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար: «Գեոթիմ»-ը ելակետային տվյալների հավաքագրման եւ ազդեցությունների գնահատման համար ներդրել է մի քանի միլիոն ԱՄՆ դոլար եւ 6 տարվա աշխատանք: «Փոփոխված նախագիծը բերել է նաեւ ազդեցության գնահատականի փոփոխության: Այս պահին ունենք նախագիծ, որի վերաբերյալ կա բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը, կառավարության կողմից անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: Ամռանն արդեն կմեկնարկեն հանքի շինարարական աշխատանքները, որոնք կտեւի մոտ երկու տարի՝ ստեղծելով շուրջ 1300 նոր աշխատատեղ: Շահագործման փուլում ընկերությունը կունենա 650-700 աշխատատեղ: Ներկայումս ոսկու շուկայական գները հաշվի առնելով՝ նախատեսվում է, որ շահագործման ընթացքում ընկերությունը պետական բյուջե մոտ $ 480 մլն հարկեր կվճարի»,-ասել է «Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը:Մոտ 2 հազար էջից բաղկացած ԲՍԱԳ գիտական հետազոտության վրա աշխատել են միջազգային անկախ փորձագիտական մի շարք ընկերություններ, ինչպիսիք են Wardell Armstrong International, Golder Associates, TEC, ERM, Shared Resources, Shape Consulting եւ այլն, ինչպես նաեւ հայաստանյան մի շարք գիտական ինստիտուտներ եւ կազմակերպություններ` ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտը, Բուսաբանության ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի թռչունների պահպանման միությունը, Հայաստանի ԱԷԿ-ը եւ այլն: Նման ծրագրերի համար միջազգային ԲՍԱԳ առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: «Եթե համեմատենք այլ հանքերի հետ, ապա Ամուլսարը նոր է, եւ նրա դրական առավելությունն ի սկզբանե միջազգային ժամանակակից մեթոդներով նախագծումն է: ԲՍԱԳ-ի հիմնական նպատակը հնարավոր բնապահպանական եւ սոցիալական ռիսկերը բացահայտելու, դրանց դեմ պայքարելու քայլեր ձեռնարկելն է: Հանքը դեռ չի գործում, հետեւաբար, բոլոր ռիսկերը մենք միայն կանխատեսում ենք: Ուրախալի է տեսնել, որ ընկերությունը հետեւողական է այդ ռիսկերը հասկանալու, նվազեցնելու եւ, հնարավորության դեպքում, ի սպառ չեզոքացնելու հարցում»,-նշել է ԲՍԱԳ-ը ներկայացնող՝ Wardell Armstrong International ընկերության տարածաշրջանային տնօրեն Դեյվիդ Բրիգնալը:ԲՍԱԳ-ում մանրամասն ներկայացված է ռիսկ համարվող բնապահպանական եւ սոցիալական խնդիրները՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության հարցերն ու լուծման ուղղությունները, որոնց դեմ պայքարելու համար ընկերությունն արդեն իսկ համալիր աշխատանքներ է մեկնարկել: «Գեոթիմ»-ից վստահեցնում են, որ ինչպես շինարարության, այնպես էլ հանքի շահագործման ողջ ընթացքում, կշարունակվեն համայնքների զարգացման, հարակից տարածքների բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանն ուղղված համալիր ծրագրերն ու հետազոտությունները:ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության եւ էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը նշել է, որ Ամուլսարի ոսկու հանքի տարածքում հայտնաբերված Մատնունի ծիրանավորի (Potentilla porphyrantha) բուսատեսակի պահապանման ուղղությամբ «Գեոթիմ»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ մեկնարկել է գիտական, եւ բնապահպանական ծրագիր, որը բացառիկ է իր նշանակությամբ.«Ծրագրի առանձնահատկությունը ոչ միայն բույսի պահպանմանն ուղղված քայլն է, այլեւ գիտական հետազոտությունը, որի արդյունքում մենք պետք է հասկանանք բույսի բազմացման հնարավորությունը»,-նկատել է Գեորգի Ֆայվուշը:ԲՍԱԳ փաստաթղթի քննարկումների արդյունքում հնչած առաջարկություններն ու կարծիքները տեղ կգտնեն դրա վերջնական տարբերակում: Փաստաթուղթը հայերեն եւ անգլերեն տարբերակով հասանելի է ընկերության պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 3726