ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ «սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները թեեւ ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»: Վարչապետն այս մասին ասել է կառավարության նիստում՝ պարզաբանելով, որ խոսքը մասնավորապես շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաների մասին է:Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նման եզրահանգման իրենք եկել էին էկոնոմիկայի նախարարության եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների արդյունքում: Հիշեցնենք, որ վարչապետն ավելի վաղ այս կառույցներին հանձնարարել էր քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները:«Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության յուրահատուկ եւ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից «ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը»: «Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու»,- ասել է նա:Վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Գործադիրի ղեկավարի հանձնարարականով՝ այդ ուղեցույցները պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը եւ այլն: Դրանք պետք է զետեղվեն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների, ՊԵԿ-ի, ինչպես նաեւ բոլոր առնչվող գերատեսչությունների կայքերում: Ուղեցույցերը երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն, որով ստացված տեղեկատվության եւ դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: ՊԵԿ նախագահին եւ վարչապետի վերահսկողական ծառայությանն էլ հանձնարարվել է օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեւակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ:«Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա»,- ասել է վարչապետը:Բացի այդ, էկոնոմիկայի նախարարությանը եւ ՊԵԿ-ին հանձնարարել է քննարկել եւ երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում - մեծածախ վաճառք - մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: «Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ եւ մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ եւ հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող եւ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միեւնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին էլ հաձնարարելով համագործակցել առնչվող բոլոր գերատեսչությունների հետ:Վերոնշյալ խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դրվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա: Tweet Դիտում՝ 3262