Դրամական փոխանցումների մասին խոսելիս սովորաբար դիտարկվում են Հայաստան փոխանցվող տրանսֆերտները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք կազմում են բնակչության մի ստվար հատվածի հիմնական եկամուտները:Մինչդեռ վերջերս հետաքրքիր միտում է նկատվում Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների ցուցանիշներում: Մասնավորապես, ՀՀ ֆիզիկական անձանց՝ դեպի Ռուսաստան տրանսֆերտների ծավալն այս տարվա առաջին ամիսներին արձանագրել է զգալի աճ:Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ դրամական փոխանցումների վերաբերյալ ամսական հրապարակվող տվյալները:Այսպես, ՀՀ ֆիզիկական անձանց կողմից դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալը 2016թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է ավելի քան 47%-ով՝ կազմելով շուրջ 42,3 մլրդ դրամ: Մինչդեռ, ընդհանուր առմամբ, ՀՀ ֆիզանձանց՝ դեպի արտասահման կատարված դրամական փոխանցումներն աճել են ընդամենը 11%-ով:Դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների աճի մասին են վկայում նաեւ «Յունիստրիմ» միջազգային դրամական փոխանցումների համակարգի վերջին ցուցանիշները: Ընկերության հրապարակած տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան «Յունիստրիմ» համակարգով կատարված փոխանցումների ծավալը ռուբլիով 2016թ. առաջին եռամսյակում աճել է 57%-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում: Ոլորտի փորձագետների կարծիքով՝ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ակտիվացման այս միտումը պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ: Դառնալով միության անդամ՝ ՀՀ-ն հնարավորություն է ստացել առանց մաքսատուրքերի ապրանքներ ներմուծել ԵԱՏՄ անդամ երկրներից, ինչն ակտիվացրել է որոշակի ապրանքների գծով ներմուծումը:Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ավտոմեքենաների եւ սարքավորումների ներկրմանը: ՀՀ քաղաքացիներն ավանդաբար մեքենա են ներմուծել ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Գերմանիայից եւ Վրաստանից: ԵԱՏՄ անդամակցությամբ տեղի է ունեցել որոշակի տեղաշարժ՝ հօգուտ Ռուսաստանի:Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում էական նվազում է նկատվել դեպի վերոհիշյալ երկրներ կատարված փոխանցումների ծավալներում: Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 3566