2016թ. հունիսի 1-ին կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն բանկի գործունեության 2015թ. արդյունքները եւ կնախանշվեն զարգացման հեռանկարները:Բանկում նշել են, որ «ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ եւ ծավալների զգալի աճ՝ 2015թ. որոշում է կայացվել ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ «դառնալով առավելագույնս թափանցիկ եւ հանրային բանկ»:«Այսօր Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրել է բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում եւ ցուցակել դրանք բորսայի B հարթակում: Բանկի բաժնետոմսերի ազատ շրջանառվող նվազագույնը մասը կազմում է 10%»,- ասված է հաղորդագրությունում:IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմել է 186: «Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը»,- նշել են բանկում:2015թ. վերջին Յունիբանկի ակտիվները կազմել են մոտ 158 մլրդ դրամ, պարտավորությունները` 135 մլրդ դրամ, բանկի կապիտալը` 22.7 մլրդ դրամ: Բանկն ապահովել է 358 մլն դրամի շահույթ եւ շարունակել ցուցադրել աճի դրական դինամիկա: Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման արդյունքում, բանկի ընդհանուր պորտֆելում մանրածախ վարկերի մասնաբաժինը կազմում է 52%, ՓՄՁ-ներինը` 28%, իսկ կորպորատիվ վարկերինը` 20%:Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 110 մլրդ դրամը, ժամկետային ավանդները կազմել են 91 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորությունները` 12 մլրդ դրամ: Բանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է ավելի քան 185 000, սպասարկման կետերում շրջանառության ծավալը` 73 մլրդ դրամ: 2015թ. բանկն իրականացրել է ավելի քան 309 000 դրամական փոխանցում:2015թ. Յունիբանկն ընդլայնել է նաեւ միջազգային համագործակցությունը եւ վարկային ծրագրերի շրջանակում ակտիվորեն աշխատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB), Եվրոպական ներդրումային բանկի հետ: Բանկի վարկային ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ մասնավոր եվրոպական ֆոնդերը:«Հաշվի առնելով ներդրողների զգալի հետաքրքրությունը բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ» ԲԲԸ-ն»,- ասված է հաղորդագրությունում:Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր՝ բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը եւ բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին եւ լիարժեք տեղեկատվության տրամադրմանը: 2015թ. «Մերկուրի» ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը ճանաչվել է լավագույնը Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:2016-2020 թթ. զարգացման ռազմավարության համաձայն՝ Յունիբանկի ավանդների գծով շուկայական մասնաբաժինը նախատեսվում է մեծացնել մինչեւ 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ. կկազմի մինչեւ 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում 2020թ. բանկն ակնկալում է ստանալ 5 մլրդ դրամի շահույթ: Tweet Դիտում՝ 5183