ԿԲ-ն բարելավել է ՀՀ տնտեսական աճի իր կանխատեսումը

31.05.2016 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է իր գնահատականը 2016թ. Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ՝ կանխատեսելով 2.7-3.6% աճ` նախկին 1.5-2.6%-ի  փոխարեն:

Այս մասին ասված է ՀՀ ԿԲ-ի «Գնաճի հաշվետվություն» պարբերականում:

«2016թ. տնտեսական աճի ԿԲ գնահատումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում 2016թ. հունվար-մարտ ժամանակահատվածում թողարկման ծավալների՝ սպասվածից ավելի բարձր աճով»,- նշվում է հաշվետվությունում:

2016թ. ԿԲ-ն ակնկալում է Ռուսաստանից դեպի ՀՀ դրամական փոխանցումների նվազման տեմպերի զգալի դանդաղում: Այդուհանդերձ, մասնավոր տրանսֆերտները դեռեւս կրճատողական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա, որը կմեղմվի 2015-2016 թթ. իրականացված ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ եւ տնտեսությունում առկա ցածր գնաճային միջավայրով:

Ոլորտի կարգավորիչն այս պայմաններում ակնկալում է ներքին պահանջարկի 1%-անոց աճ, որը, սակայն, դեռեւս ցածր կլինի իր հավասարակշիռ մակարդակից:

«Այսպիսով, ներքին պահանջարկի թույլ մակարդակի պայմաններում 2016թ. տնտեսական աճին հիմնականում կնպաստի զուտ արտահանումը՝ պայմանավորված վերջին տարիներին իրականացված կառուցվածքային բարեփոխումներով եւ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ մատուցված ծառայությունների ոլորտներում նկատվող բարենպաստ զարգացումներում»,- նշել են ԿԲ-ում:

Արդյունաբերության ճյուղի վերաբերյալ ԿԲ կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված ճյուղում տարեսկզբին նկատվող սպասվածից ավելի բարձր աճով: 2016թ. արդյունաբերության ոլորտում ԿԲ-ն ակնկալում է ավելացված արժեքի 3.2-4% աճ՝ նախկին 1.3-2.1% փոխարեն:

Շինարարության ոլորտում ԿԲ գնահատականներն էականորեն չեն փոխվել: Ոլորտում ավելացված արժեքի փոփոխությունը ակնկալվում է -0.8-ից -0.4%-ի շրջանում՝ նախկին -0.8-ից 0.2%-ի փոխարեն:

Ծառայությունների ճյուղում 2016թ. ավելացված արժեքի կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ եւ գնահատվում են 3.8-4.4% միջակայքում՝ նախկին 1.8-2.4% փոխարեն՝ պայմանավորված 2016թ. առաջին եռամսյակում ոլորտի՝ սպասվածից ավելի աճով, ինչպես նաեւ առեւտրի շրջանառության սպասվածից ավելի փոքր կրճատումով:

Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները մնացել են գրեթե անփոփոխ՝ կազմելով 4-5%` նախկին 4.2-5%-ի փոխարեն:

«2017թ. տնտեսական աճի տեմպերը կշարունակեն արագանալ՝ կրելով արտահանման եւ ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման եւ կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը»,- ասված է հաշվետվությունում:

Ակնկալվում է, որ 2017թ. վերջում ՀՀ տնտեսական աճը կկազմի 3-4.5% (կանխատեսումը մնացել է անփոփոխ):

Դիտում՝ 2724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW