Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը (Deal of the Year – Energy Efficiency)` 2015թ-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար: Ամերիաբանկն «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որը հաստատվել եւ ֆինանսավորվել է Կոմերցբանկի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական եւ վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է $2,3 մլն, որից $1,91 մլն-ի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:Ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսելու 390,000 ԱՄՆ դոլարի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաեւ կրճատելու բնական գազի օգտագործումը 1,950,000 մ³-ի չափով: Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում: «Ամերիաբանկը կարեւորելով ջերմոցային տնտեսությունների դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար` ակտիվորեն հանդես է գալիս ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ, մասնավորապես` էներգաարդյունավետություն եւ բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումների ներկրման համար: Հայաստանում ջերմոցային տնտեսությունների նախագծերի ավելի քան 70%-ի ֆինանսավորումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6480