Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են

28.04.2016 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2016թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է շուրջ 4,2 մլրդ դրամով կամ  2,8%-ով՝ կազմելով 156,5 մլրդ դրամ:

Ընդ որում, ընդհանուր հարկերի գերակշիռ մասը (շուրջ 53,8%) բաժին է ընկել անուղղակի հարկերին (ԱԱՀ, ակցիզային հարկ), որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,8%-ով` կազմելով 84,2 մլրդ դրամ: Ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտային հարկ) բաժին է ընկել ընդհանուրի 36,2%-ը՝մոտ 56,7 մլրդ դրամ (աճ՝ 14,3%), իսկ մնացած մասը կազմում են հաստատագրված վճարները (388,8 մլն դրամ, աճ` 51,5%) եւ այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները (15,2 մլրդ դրամ, անկում՝ 13,1%):  

Ի դեպ, միայն առաջին 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովել են 2016թ. առաջին եռամսյակում ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի 67,8%-ը:

ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա»-ն, որը 2016թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 15,6 մլրդ դրամ հարկ, ինչը շուրջ 3,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը: Ընկերության վճարած հարկերի հիմնական մասը (87% կամ 13,6 մլրդ դրամ) կազմում են անուղղակի հարկերը, իսկ ուղղակի հարկերը կազմում են շուրջ 1,8 մլրդ դրամ:

Երկրորդ ամենախոշոր հարկատուն 4,9 մլրդ դրամ հարկերի ծավալով «Արմենիա  միջազգային օդանավակայաններ»-ն է: Ընկերության հարկերը նախորդ տարվա համեմատ շուրջ 5 անգամ աճել են, ինչի շնորհիվ այն զգալիորեն բարելավել է իր դիրքը` 22-րդ հարկատուից դառնալով երկրորդը:

Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը` 4,1 մլրդ դրամ ցուցանիշով (անկում` 10,9%): Ընկերությունը զիջել է իր նախորդ տարվա դիրքը մեկ հորիզոնականով (2015թ. 1-ին եռամսյակում այն 2-րդ ամենախոշոր հարկատուն էր):

Հաջորդ խոշոր հարկատուն «Ֆլեշ» ընկերությունն է`3,6 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ`11,2%), որը բարելավել է իր նախորդ տարվա դիրքը 2 հորիզոնականով:

Երկրի խոշորագույն հարկատուների հնգյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն, որն այս եռամսյակ պետբյուջե է վճարել ավելի քան 3,4 մլրդ դրամի հարկ (անկում` 18%)` զիջելով իր նախորդ տարվա դիրքը 2 հորիզոնականով:
 
Բացի այդ, 1000  խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են «Ալեքս Գրիգ»-ը` 3,3 մլրդ դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը` 3 մլրդ դրամ, «Գրանդ Տոբակո»-ն՝ 2,9 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը` 2,3 մլրդ դրամ եւ ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը` 2,1 մլրդ դրամ ցուցանիշով:

ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
 

Դիտում՝ 4268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW