Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից»:ՀՀ նախագահն այդ մասին ապրիլի 7-ի ուշ երեկոյան՝ ընդունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:«Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց:Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ եւ՛ երեկ, եւ՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, եւ մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից եւ մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ եւ որոշակի գործողություններ, որովհետեւ երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից:Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Սերժ Սարգսյանը:Իր պատասխան խոսքում ՌԴ կառավարության ղեկավարը ԼՂ կարգավորման թեմայով ընդհանուր արտահայտություններ է արել՝ բանակցություններին վերադառնալու կարեւորության մասին: ԵԱՏՄ մասով Դմիտրի Մեդվեդեւն ասել է.«Ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի: Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երեւի թե, նրանց պահելաձեւը եւ որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու: Հիմա ամենակարեւորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում էինք ինտեգրացիոն համագործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երեւանում, ինչպես եւ պատրաստվում էինք, որովհետեւ, անկեղծ ասած, մենք քիչ եւ հազվադեպ ենք հանդիպում: Մենք պայմանավորվել էինք դա անել երկու ամիսը մեկ, սակայն վերջին անգամ հանդիպել ենք կես տարի առաջ: Այդ պատճառով ես կուզենայի այդ հաճախականությունը մեծացնել, առավել եւս, երբ կա հիասթափություն, որը առաջացավ այստեղ՝ ձեզ մոտ, ամսի 8-ի հանդիպման տեղափոխման արդյունքում»: Tweet Դիտում՝ 11618