Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ասել է, որ գերմանական կողմը հետաքրքրված է ՀՀ տնտեսությունում ներդրումներով, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Աշոտ Սմբատյանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ:«Գերմանիայի տնտեսության մեջ վերջին շրջանում նկատելի են, հատկապես՝ ծառայությունների ոլորտում, որոշ աշխարհագրական տեղաշարժեր, եւ կարծում եմ՝ սա աութսորսինգի սկզբունքով տնտեսության մեջ ընկերությունների ձեւավորում է, նրանց աշխատանքների իրականացում Գերմանիայից դուրս՝ այլ երկրներում: Այս իմաստով մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ գերմանական կողմը նույնպես հետաքրքրություն ունի»,- ասել է դեսպանը: Աշոտ Սմբատյանի խոսքով՝ այս ընթացքում հաջողվել է բանակցություններ վարել գերմանական «Սիմենս», «Սափ» եւ «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակում նաեւ Հայաստանը հնարավոր եւ հետաքրքրող շուկա հանդիսանա:ՀՀ նախագահն իր հերթին ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների կարեւորությունը՝ նշելով, որ Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում: «Վերջին 5-6 տարիների ընթացքում հայ-գերմանական առեւտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց ներդրումն են բերում մեր երկրի զարգացման գործում։ Կարծում եմ՝ զուտ արդյունաբերության ոլորտում կարեւորագույն, հաջողված ծրագրերից մեկը՝ «Քրոնիմետի» հետ մեր համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում է որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաեւ ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։Սերժ Սարգսյանը կարեւորել է Զարգացման գերմանական բանկի (KfW) հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն Հայաստանի տնտեսական զարգացման գործում «ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել՝ վարկավորելով հարյուրավոր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների»:«Անշուշտ, մեզ համար շատ կարեւոր է գերմանացիների տեխնիկական օժանդակությունը: Նրանք, ըստ էության, երկրորդ դոնոր երկիրն են Հայաստանի համար՝ Միացյալ Նահանգներից հետո: Անցած տարիների ընթացքում Գերմանիան հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանին՝ որպես տեխնիկական օժանդակություն, եւ, իհարկե, այս համագործակցությունն էլ պետք է շարունակել»,- ասել է նախագահը: Tweet Դիտում՝ 2803