Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր եւ տնօրեն Թամազ Գաիաշվիլին այսօր վստահեցրել է, որ երեք ինքնաթիռով ընկերությունը կարող է շահույթ ապահովել: Այս մասին նա ասել է Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով Banks.am-ի հարցին, թե արդյոք երեք ինքնաթիռով ընկերությունը կարող է շահութաբեր լինել: «Ինքնաթիռների քանակը պետք է առավելագույնս համապատասխանի ուղեւորահոսքերի ծավալին. յուրաքանչյուր ավելորդ ինքնաթիռ վնասի աղբյուր է ընկերության համար»,- ասել է Թամազ Գաիաշվիլին:«Արմենիա»-ն նախնական շրջանում նախատեսում է շահագործել լիզինգով ձեռքբերած երեք ինքնաթիռները՝ մինչեւ տարեվերջ դրանց թիվը հասցնելով 8-ի: Ընկերությունն ապրիլի 21-ից «Զվարթնոց» օդանավակայանից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Մոսկվա եւ Թել Ավիվ՝ հետագայում ավելացնելով չվերթների ուղղությունները, մասնավորապես՝ դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Բարսելոնա, Լոնդոն, ՌԴ այլ քաղաքներ:«Արմենիա»-ն միակողմանի ավիատոմսերի նվազագույն գին է հայտարարել €49-ն: Ընդ որում, այս գինը գործում է երկու ամիս առաջ ձեռք բերված ավիատոմսերի համար՝ առանց վերադարձի հնարավորության: Բացի այդ, ինչպես նշել է ընկերության մյուս բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը, այս գինը չի ներառում հարկերն ու օդանավակայանի ծառայությունների գինը: Վերջիններս հաշվի առնելու դեպքում ավիատոմսերի գինը կկազմի մինչեւ €95-96:Ռոբերտ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իրենց առաջարկած սակագները ձեռնտու կլինեն բնակչության համար:«Արմենիա»-ի բաժնետերերը ձեռնպահ են մնացել պատասխանելուց Banks.am-ի հարցին, թե որոնք են ընկերության ստեղծման համար կատարված ներդրումների աղբյուրն ու ծավալները: Ընկերության սեփականատերերը հայտնել են նաեւ բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում (IPՕ) իրականացնելու մտադրության մասին: «Հույս ունեմ, որ 2-3 տարուց ընկերությունը կհասնի կայուն ֆինանսական վիճակի, եւ մենք կկարողանանք մուտք գործել արժեթղթերի շուկա»,- ասել է Թամազ Գաիաշվիլին՝ միաժամանակ կարեւորելով ՀՀ կառավարության աջակցության դերը ընկերության հետագա կայացման գործում: Անդրադառնալով կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությանը, Թամազ Գաիաշվիլին ընդգծել է, որ այն չի ենթադրում «միատեսակ հարաբերությունների հաստատում բոլոր երկրների հետ»: Ըստ նրա՝ ամեն երկրի հետ պետք է հարաբերությունները կարգավորվեն երկկողմ պայմանագրերով: Մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Արմենիա»-ի բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, Թամազ Գաիաշվիլին կրկին վստահեցրել է, որ գործադիրի ղեկավարը որեւէ առնչություն չունի ավիաընկերության հետ: Ռոբերտ Հովհաննիսյանն էլ պարզաբանել է, որ «Արմենիա»-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, 25%-ը՝ իրեն, իսկ 24%-ը՝ Թամազ Գաիաշվիլիին: Tweet Դիտում՝ 19679