«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն իր անհամաձայնությունն է հայտնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ընկերությունը գործում է ընդունված տեղական եւ միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաեւ, ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում:«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ ընկերությունը դիմել է դատարան` դատական կարգով հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ:Մեր ընկերությունը շարունակում է հետեւողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական եւ տնտեսական զարգացմանը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:Փետրվարի 26-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր 50 մլն դրամով տուգանել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար:ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասել էր, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա հանձնաժողովը «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանդեպ հարուցել էր վարչական վարույթ:Վարույթի արդյունքում պարզվել էր, որ «Կոկա-Կոլա»-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար: Մասնավորապես՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքում նշվել էր, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի տարածքում գործող 11 տնտեսվարող հրաժարվում է իրացնել «Պեպսի կոլա» ըմպելիք: Հանձնաժողովը պարզել էր, որ բոլոր 11 տնտեսվարողների մոտ վաճառվում է «Կոկա-Կոլա», իսկ «Պեպսի կոլան»-ն բացակայում է՝ առանց տնտեսվարողների արժանահավատ հիմնավորման: Հանձնաժողովն իր ուսումնասիրություններում պարզվել էր նաեւ, որ «Կոկա-Կոլա»-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքն իրացնելու պայմանով, օրինակ՝ ընկերության սառնարանների՝ տնտեսվարողին անհատույց տրամադրելը: «Ուսումնասիրելով «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսեւորվող վարքագծի միջազգային փորձն ու ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը, որն այս առնչությամբ սահմանել է հստակ կարգավորումներ, որի համաձայն՝ «Կոկա-Կոլա»-ի հետ համագործակցող տնտեսվարողներն իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով եւ սեփական հայեցողությամբ տեղ տրամադրել այլ ընկերությունների արտադրանքին»,- նշել էին հանձնաժողովում: Tweet Դիտում՝ 4114