ՀՀ Կենտրոնական բանկը, հաշվի առնելով 2016թ. ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների ակնկալվող թույլ վերականգնումը, հանքահումքային գների ցածր մակարդակը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտում հագեցվածության բարձր աստիճանը, որը ձեւավորվել է 2015թ., 2016թ. տնտեսական աճը կանխատեսում է 1,5-2,6%-ի միջակայքում:«ՀՀ տնտեսության վրա հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվող գնանկումային միտումների գերակշռող ազդեցության ներքո 2016թ. տնտեսական աճը դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում, իսկ 12-ամսյա գնաճը, տարեսկզբին մնալով ցածր, այնուհետեւ կցուցաբերի աճողական վարքագիծ»,- ասված է Կենտրոնական բանկի՝ նախօրեին հրապարակած գնաճի հաշվետվությունում:ԿԲ հրապարակման համաձայն՝ 2016թ. առաջին կիսամյակում Հայաստանում կպահպանվի թույլ գնանկումային միջավայր, քանի որ եւ՛ ներքին տնտեսությունից, եւ՛ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Գնաճի կանխատեսումներում հաշվի է առնվել 2016թ. մայիսին նախատեսվող ակցիզային հարկի փոփոխության գնաճային ազդեցությունը: Այս զարգացումների ներքո ԿԲ-ն գնահատում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին հատվածի շրջակայքում, իսկ հետագա ամիսներին իրականացվելիք ընդլայնողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ աստիճանաբար կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում մոտենալով եւ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:2016թ. արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 1.3-2.1% աճ, որը բավականին ցածր է ոլորտում արձանագրված հետճգնաժամային միջին աճից: Ոլորտի դանդաղ աճը կպայմանավորվի հանքարդյունաբերությունում 2015թ. ձեւավորված հագեցվածության բարձր մակարդակի արդյունքում հավելյալ աճի հնարավորությունների սահմանափակումներով, հանքահումքային մետաղների գների նվազմամբ, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերության ոլորտից դեպի ՌԴ շուկաներ արտահանման ոչ բարենպաստ պայմանների պահպանմամբ:Տնտեսության ոչ արտահանելի հատվածում պահպանվող ներդրումային ցածր ակտիվության, ինչպես նաեւ ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման պայմաններում սպասվում է կազմակերպությունների եւ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատում: Այնուամենայնիվ, տնտեսության արտահանելի հատվածում ներդրումային համեմատաբար բարձր ակտիվությունը եւ վարկավորման պայմանների բարելավումը կմեղմեն նկարագրված բացասական ազդեցությունները շինարարության ոլորտի վրա: Արդյունքում՝ 2016թ. շինարարության ավելացված արժեքի փոփոխությունը ակնկալվում է -0.8-ից 0.2%-ի շրջանում:Ծառայությունների ոլորտում այս տարի սպասվում է ավելացված արժեքի աճ՝ 1.8-2.4% սահմաններում, որի դանդաղ տեմպերը պայմանավորված են 2016թ. ներքին պահանջարկի դեռեւս թույլ մակարդակով, ինչի հետեւանքով կրկին սպասվում է առեւտրի ծավալների կրճատում՝ չնայած 2015թ. համեմատ ավելի քիչ ծավալով: Առեւտրի եւ վերջինիս հետ կապակցված այլ ծառայությունների ոլորտների կրճատման պայմաններում 2016թ. ոլորտում սպասվող չափավոր աճը կապահովեն մատուցվող ոչ առեւտրային բնույթի ծառայությունները:Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի աճը 2016թ. կկազմի 4.2-5%` պայմանավորված նախորդ տարվա չորրորդ եռամսյակում անասնապահության՝ սպասվածի համեմատ ավելի բարձր աճով, ինչպես նաեւ ոլորտում նկատվող արտահանման ներուժի ավելացմամբ: «2017-ից սկսած՝ տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին, իսկ գնաճը կշարունակի ավելանալ՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- նշված է հաշվետվությունում: Ընդ որում, կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման եւ կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը`ակնկալվում է, որ տնտեսական աճը 2017թ. վերջում կկազմի 3-4,5%:Համեմատության համար նշենք, որ 2016թ. ՀՀ պետբյուջեում տնտեսական աճը կանխատեսվում է 2,2%: Tweet Դիտում՝ 4526