ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը՝ բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը:ԻԱԿ-ը վիճարկում էր կադաստրի կողմից վճարի դիմաց ֆիզիկական անձանց տեղեկություններ տրամադրելու սահմանադրականությունը։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաեւ անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար սույն օրենքով սահմանված չափերով՝ գանձապետարանում բացված համապատասխան հաշվին: Դիմողները պարտավոր են վճարել սույն օրենքով սահմանված վճարները:Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:Դատարանները ԻԱԿ-ի հայցը մերժելու հիմքում դրել էին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Արդյունքում՝ 2015թ. հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: Tweet Դիտում՝ 4204