«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ՝ արձագանքելով ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող մի շարք լուրերի: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ լուրին՝ ՀԷՑ-ում նշել են, որ այսօր ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է «նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երեւույթների, այդ թվում՝ հավելագրումների եւ տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը»: «Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ եւ մասնագիտական բարձր որակով աշխատանք: Տարաբնույթ նման երեւույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում ՀԷՑ համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչեւ կհեռացվի աշխատանքից եւ կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի եւ կկատարվի վերահաշվարկ»,- ասված է պարզաբանման մեջ: Անդրադառնալով որոշ բաժանորդների բարձրացրած դժգոհություններին՝ ՀԷՑ-ում նշել են, որ դրանք կարող են հետեւանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման եւ սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաեւ ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Ընկերությունում դրա ապացույցն են համարում էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը:ՀԷՑ-ը հորդորել է բաժանորդներին ներկայացնել կոնկրետ փաստեր՝ կոչ անելով զանգահարել (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, դիմում ուղարկել փոստով, ինչպես նաեւ անձամբ հանդիպել ընկերության գլխավոր տնօրենին (ընդունելության օրը՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 9:30-13:00-ը): Ընկերությունը խոստացել է բոլոր դիմորդներին տալ հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: ՀԷՑ-ն առանձին անդրադարձ է կատարել նաեւ էլեկտրաէներգիայի սպառողների սուբսիդավորման վերաբերյալ լուրերին:Ընկերությունում ընդգծել են, որ 2015թ. օգոստոսից մինչեւ 250 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվում ավելացված սակագնի չափով: Ընդհանուր առմամբ, 2015թ. օգոստոսից մինչեւ 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում երբեւէ սուբսիդիա ստացած բաժանորդների քանակը կազմում է շուրջ 780 000 կամ ընդհանուր բաժանորդների քանակի 78%-ը, որից բնակիչ բաժանորդներինը՝ մոտ 760 000 կամ 81%-ը, այլ սպառողներինը՝ 22 000 կամ 31%-ը:«Այս ամիսների ընթացքում սուբսիդավորված էլեկտրաէներգիայի հանրագումարային քանակը կազմում է 562 մլն կՎտ/ժ, ընդհանուր գումարը՝ 3,8 մլրդ դրամ, որը սահմանված կարգով եւ 50%-ի հարաբերակցությամբ վճարվել է ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից»,- ասված է պարզաբանման մեջ: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկից $30 մլն-ի չափով ներգրավվող վարկի վերաբերյալ լուրերին, ապա ՀԷՑ-ը տեղեկացրել է, որ ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն ընկերության սեփական միջոցների հաշվին:«Այսօրվա դրությամբ կա հստակ ձեւավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները:«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ֆինանսական առողջացման նպատակով չի ներգրավվել եւ չի նախատեսվում ներգրավել որեւէ վարկային միջոց՝ պետության կողմից կամ պետական երաշխիքով: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը, եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որեւէ առնչություն չունի»,- ասված է պարզաբանման մեջ: Ընկերությունում խոստացել են, որ առաջիկայում այս բոլոր հարցերին կանդրադառնա ՀԷՑ գլխավոր տնօրենը: Tweet Դիտում՝ 3530