Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Նրա խոսքով՝ տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Վարչապետն ընդգծել է` կառավարությունը շահագրգռված է նրանում, որ «Գազպրոմ-Հայաստան»-ը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր, «սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս գները պետք է լինեն մատչելի եւ շահավետ»:«Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Համաշխարհային տնտեսության եւ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 3514