«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երրորդ տեղը Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2016» վարկանիշում: Ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2015թ.: Այլ բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվում: Ինչպես նշում է պարբերականը, վարկանիշում ներառված 30 մասնակիցների ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում նվազել է 25%-ով, ինչը «ռեկորդային ցուցանիշ է վարկանիշի հրապարակման բոլոր տարիների ընթացքում»:Վարկանիշի համաձայն`անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $610 մլն: Համեմատության համար նշենք, որ նախորդ վարկանիշում այդ ցուցանիշը կազմել էր $1,08 մլրդ՝ այն ժամանակ «Տաշիր»-ի նախագահը զբաղեցնում էր երկրորդ տեղը: Մոսկվայում գործարարին են պատկանում «ՌԻՈ» (105 հազ. քմ) բիզնես կենտրոնը, Novotel Moscow City հյուրանոցը (360 համար)։ Ընդհանուր առմամբ, «Տաշիր» խմբի սեփականատիրոջն է պատկանում 925,3 հազ. քմ առեւտրային, 48,4 հազ. քմ գրասենյակային, 48 հազ. քմ պահեստային տարածքներ, ինչպես նաեւ 1157 հյուրանոցային համար։Նշվում է նաեւ, որ «Իզվեստիա» թերթի եւ հրատարակչության հին շենքերի տեղը «Տաշիր»-ը կկառուցի 120 հազ. քմ բնակելի եւ առեւտրային տարածք: Բնակելի հատվածի 40%-ը կհանձնվի ՌԴ նախագահի գործերի կառավարչությանը, մնացածը կանցնի «Տաշիր»-ին: Tweet Դիտում՝ 9579