Հայաստանը իրականացրել է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) անդամակցությունից բխող պարտադիր հանձնառությունները: Այս մասին ասված է ԵՄ-ի այսօր հրապարակած Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) վերաբերյալ համապարփակ 2014-2015 թթ. զեկույցում։ Ըստ զեկույցի՝ GSP+ մշտադիտարկման առաջին փուլի ընթացքում Հայաստանը ուղղակի ջանքեր է ցուցաբերել՝ համապատասխանելու պարտադիր հանձնառություններին: «Միաժամանակ, Հայաստանը պետք է շարունակի եւ որոշ դեպքերում ավելացնի իր ջանքերը կոնվենցիաների իրականացման բարելավման ուղղությամբ (ոչ պակաս կարեւորությամբ ձգտելով ապահովել Հայաստանի քաղաքացիների համար մարդու իրավունքների ոլորտում բարելավումների ընկալումն առօրյա կյանքում), որպեսզի կարողանա շարունակել օգտվել GSP+ համակարգից»,- ասված է զեկույցում։ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) մշակված է՝ միջազգային առեւտրի միջոցով աջակցելու գործընկեր պետությունների տնտեսական զարգացմանը։ Այն սահմանում է նվազեցված կամ զրոյական սակագներ ԵՄ կատարվող ներկրումների համար՝ ԵՄ շուկաներ ավելի հեշտ հասանելիություն տրամադրելով։ «2014-2015 թթ. Հայաստանը համակողմանի ջանքեր է գործադրել՝ GSP+ ցուցանիշների համակարգում հատկորոշված այն թերություններին անդրադառնալու, որոնք առաջնայնորեն վերաբերում են օրենսդրական բացերին կամ անհամապատասխան օրենսդրությանը եւ իրազեկության բարձրացմանը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ակտիվացնել իր ջանքերը՝ լուծելու մարդու իրավունքների մի շարք դժվար հաղթահարելի խնդիրներ. մասնավորապես` կապված դատական համակարգի եւ ընդհանրապես քաղաքական համակարգի անկախության եւ բարեվարքության, խոշտանգումներից եւ դաժան վերաբերմունքից պաշտպանող անբավարար օրենսդրական եւ իրավապահ շրջանակների հետ, ինչպես նաեւ կոռուպցիայի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականության, կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության, ինչպես նաեւ մանկական աղքատության վերաբերյալ անբավարար օրենսդրական հենքերի հետ»,- ասված է զեկույցում: Հայաստանի կողմից GSP+ պարտավորությունների բավարարման վերաբերյալ հաջորդ զեկույցը կհրապարակվի մինչեւ 2017թ. նոյեմբերը: Հայաստանն օգտվում է GSP+ ռեժիմից հագուստի, ալյումինի, խեցգետինի, հյութերի, ջեմերի եւ նպարեղենի, ընկուզեղենի եւ այլ ընդեղենի արտահանումների ժամանակ։ Tweet Դիտում՝ 9531