Հաջորդ անգամ «Սանիթեք»-ի նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

11.01.2016 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական օրերին ձնահեռացման աշխատանքների հետ կապված իր դժգոհությունն է հայտնել ինչպես «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի նկատմամբ:

Այս մասին Տարոն Մարգարյանը հայտարարել է այսօր՝ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ:

«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս՝ մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երեւանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր»,- ասել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այս կապակցությամբ իր դժգոհությունն արդեն հայտնել է նաեւ ընկերության սեփականատերերին:
    
«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ ձնահեռացման աշխատանքների հարցում թերացել են նաեւ վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները:

«Ձնամաքրման աշխատանքների վերահսկողության ուղղությամբ տեղումների առնվազն առաջին օրը ակնհայտ էր գրեթե բոլոր վարչական շրջանների կողմից թերացումը: Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմն ընդհանրապես ամբողջությամբ թերացավ այդ աշխատանքի մեջ: Ու հաշվի առնելով, որ էրեբունիում դեռեւս վարչական շրջանի սանմաքրման ձեռնարկությունն է այդ աշխատանքներն իրականացնողը, որն ամբողջությամբ տապալեց, նկատողություն եմ հայտարարում ինչպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, ով անձամբ էր համակարգում այդ աշխատանքները, այնպես էլ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ծառայության բոլոր պատասխանատուներին»,- նշել է քաղաքապետը՝ հանձնարարելով վերանայել Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման ընկերության ֆինանսավորումը:

Անդրադառնալով տոնական օրերին աղբահանության կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն եւս եղել է ոչ բավարար:

Դիտում՝ 3760
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW