Երեւան, 8 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ 2007 թվականին շատ ավելի պահանջկոտ է լինելու պետական եկամուտների հավաքագրման պատասխանատու մարմինների նկատմամբ` ակնկալելով որակական փոփոխություն նրանց աշխատանքում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են նախագահի մամլո ծառայությունում, Ռոբերտ Քոչարյանն ասել է այս մասին Հանրապետության վարչապետի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հաջորդ տարվա շատ ծրագրերի իրականացումը մեծապես պայմանավորված է հարկային եւ մաքսային կառույցների աշխատանքով: Նախագահի խոսքերով, հաջորդ տարի նախատեսվում է եկամուտների լուրջ ավելացում, ուստի, ՙմենք պետք է վստահ լինենք, որ բարեփոխումները շարունակվելու են, իսկ պլանավորված աշխատանքը կատարվելու է որակով եւ ամբողջ ծավալով՚: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ վերջին մեկ-երկու տարիներին թեեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, սակայն, այն դեռեւս հեռու է բավարար լինելուց: Նշելով, որ տարբեր հարկատեսակների գծով ներկայում ստացվող եկամուտները չեն համապատասխանում առկա ներուժին, Ռոբերտ Քոչարյանը պահանջել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել հարկային քաղաքականության մեջ առկա սողանցքների վերացմանը, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար դաշտի ապահովմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7391