2014թ. դեկտեմբերին ընդունված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից մի շարք օրենսդրական փոփոխությունների հիման վրա 2015թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում սկսել է գործել Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական առցանց համակարգը: Այն նպատակ ունի խթանել շարժական գույքի օգտագործումը որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովում եւ բարձրացնել վարկային միջոցների հասանելիության մակարդակը հատկապես միկրո փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար: Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգԱպահովված գործարքի պարագայում պարտավորության կատարումն իրականացվում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միջոցով: Շարժական գույքը ներառում է սարքավորումները, պաշարները, հումքը, դեբիտորական պարտքերը, ապահովված վաճառքի գծով պայմանագրերը, ոչ նյութական ակտիվները եւ փաստաթղթերը (օրինակ` արժեթղթերը, պայմանագրային իրավունքները, մտավոր սեփականությունը եւ այլն), գյուղատնտեսական արտադրանքը, կենդանիները, սպառողական ապրանքները, կանխիկ դրամը, դեպոզիտային հաշիվները, օգտակար հանածոները եւ այլն:Ապահովված գործարքների միասնական էլեկտրոնային գրանցամատյանն առցանց պահոց է, որի միջոցով ապահովված պարտատերը (օրինակ՝ ֆինանսական հաստատությունը, ֆիզիկական անձը կամ այլ վարկատու) գրանցում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ իր ապահովված իրավունքը: Այս գրանցումը հետագա հնարավոր գնորդներին կամ ապահովված պարտատերերին տեղեկացնում է տվյալ շարժական գույքի նկատմամբ նախկին հնարավոր պարտատիրոջ ապահովված իրավունքների մասին: Հայաստանում ներդրման կարիքըԱպահովված գործարքների արդյունավետ համակարգը առողջ ֆինանսական հատվածի եւ դինամիկ զարգացող ձեռնարկատիրության առանցքային գործոններից է: Այն դյուրացնում է շարժական գույքի օգտագործումը որպես վարկի գրավի առարկա:Հայաստանում նախկինում շարժական ակտիվների որոշ տեսակների օգտագործմամբ ապահովված գործարքների իրականացման սահմանափակումները, գրանցման անկատար մեխանիզմները եւ վարկատուների իրավունքների պաշտպանության անարդյունավետ համակարգը սահմանափակում էին վարկերի հասանելիությունը:Ընդհանուր առմամբ, իրավակարգավորման եւ ինստիտուցիոնալ համակարգերը մասնատված, անավարտ եւ անարդյունավետ էին՝ կային 9 տարբեր գրանցամատյաններ եւ ավելի քան 30 իրավական ակտեր, որոնք կարգավորում էին ապահովված շահի ստեղծման կանոնները: Որոշ դեպքերում ապահովված իրավունքը կարող էր ենթակա լինել գրանցման մի քանի գրանցամատյաններում: Բացի այդ, համակարգը չէր ներառում շարժական գույքի եւ ապահովված իրավունքի որոշ տեսակներ: Ապահովված իրավունքի ձեւավորման գործընթացը բարդ էր, իսկ առաջնահերթությունները կարգավորող դրույթները՝ սահմանափակ եւ ոչ հստակ: Ապահովված իրավունքի հրապարակայնացման համակարգը թերի էր, բռնագանձումների իրականացման գործընթացները՝ ժամանակատար եւ թանկ: Բացի դրանից, միաժամանակ գործող ինը տարբեր ռեգիստրները (7 պաշտոնական եւ 2 ոչ պաշտոնական) հիմնականում էլեկտրոնային չէին եւ միմյանց հետ կապակցված չէին: Միջազգային փորձըՇարժական գույքով ապահովված գործարքների համակարգերի ներդրման եւ արդիականացման տեսանկյունից առաջատար երկրները ներկայացնում են տարբեր տարածաշրջաններ՝ Արեւելյան Ասիա (Չինաստան, Վիետնամ, Կամբոջա, Լաոս, Սինգապուր), Խաղաղ օվկիանոսի ավազանի երկրներ (Նոր Զելանդիա, Ավստրալիա), Լատինական Ամերիկա (Մեքսիկա, Հոնդուրաս, Գվատեմալա), Կենտրոնական Եվրոպա (գրեթե բոլոր երկրները), Միջին Արեւելք (Աֆղանստան, Պաղեստին), Աֆրիկա (Գանա, Լիբերիա): Այն երկրներում, որտեղ արդյունավետ կերպով գործում են շարժական գույքի` որպես ապահովման միջոցի, կիրառման համակարգերը, մասնավոր հատվածին տրամադրված վարկերը կազմում են ՀՆԱ-ի մոտ 60%-ը, որը կրկնակի ավելի է այն երկրների համեմատ, որտեղ այն բացակայում է:Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարած ուսումնասիրության համաձայն՝ շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի ներդրումը նկատելի դրական ազդեցություն է ունեցել ներդրած երկրների ֆինանսական համակարգերի վրա:Մասնավորապես, ֆինանսների հասանելիությունն աճել է 8 տոկոսային կետով, վարկերի հասանելիությունը՝ 7 տոկոսային կետով, բանկերի կողմից ֆինանսավորվող շրջանառու միջոցների մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով, վարկի մարման միջին ժամկետը՝ 6 ամսով, իսկ միջին տոկոսադրույքը նվազել է 3 տոկոսային կետով: Ֆինանսների հասանելիության աճն ավելի մեծ է հատկապես փոքր ընկերությունների պարագայում: Բարեփոխումները նպաստել են նաեւ ֆակտորինգի եւ լիզինգի շուկաների զարգացմանը:Համակարգի կիրառումը ՀայաստանումԲոլոր ապահովված իրավունքների (ներառյալ սահմանափակումների) գրանցումները կատարվում են միասնական առցանց էլեկտրոնային գրանցամատյանում՝ www.registration.am: Բացառություն են կազմում միայն բանկային հաշիվների, արժեթղթերի, դեպոզիտների եւ ավտոմեքենաների նկատմամբ ապահովված իրավունքները, որոնց գրանցումները շարունակում են կատարվել նախկին ընթացակարգերով: Նոր միասնական գրանցամատյանում գրանցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ պահանջվող տեղեկություններն առցանց եղանակով ռեգիստրում գրանցելով։ Այն հաստատվում է գրանցում կատարող անձի թվային ստորագրությամբ: Անձի էլեկտրոնային ստորագրություն չունենալու պարագայում ապահովված իրավունքի գրանցումը կարող է կատարվել նոտարական գրասենյակում, որի համար նոտարական գրասենյակը ծառայության վճար չի գանձում եւ ապահովված իրավունքների գրանցումների ճշգրտության վերաբերյալ պատասխանատվություն չի կրում:Համակարգում կարող է գրանցվել եւ գրանցումներ կատարել յուրաքանչյուր ոք` թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք: Կայքում գրանցվելը եւ աշխատանքային տիրույթ ունենալը անվճար է, իսկ ապահովված իրավունքի յուրաքանչյուր գրանցման, ինչպես նաեւ առկա գրանցումներում փոփոխություններ կատարելու կամ ժամկետի երկարացման համար սահմանված պետական տուրքը կազմում է 2000 ՀՀ դրամ:Ցանկացած հնարավոր գնորդ կամ պարտատեր տվյալ գույքի նկատմամբ գրանցված ապահովված իրավունքների վերաբերյալ կարող է անվճար տեղեկատվություն ստանալ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում որոնման միջոցով: ՀՀ արդարադատության նախարարության Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությունն ապահովում է հասարակության իրազեկվածությունն իր www.registration.am կայքի միջոցով, որտեղ հրապարակվում են նորություններ, ծանուցումներ, ուղեցույցեր եւ այլն:Ակնկալվում է, որ ապահովված գործարքների համակարգը Հայաստանում կնպաստի կայուն եւ բազմակողմանի զարգացած ֆինանսական համակարգի առաջխաղացմանը՝ ապահովելով վարկերի դիվերսիֆիկացիայի խորացումը, վարկային պորտֆելի ընդլայնումը, վարկային պորտֆելում տնտեսության ոլորտների դիվերսիֆիկացումը եւ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավումը: Նյութը պատրաստվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագիրն աջակցել է նաեւ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման նոր համակարգի մշակմանը եւ ներդրմանը Հայաստանում։ Tweet Դիտում՝ 6687