Այսօր եւ վաղը Երեւանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը, որի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ քառակողմ հուշագիր:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում այս նպատակով գտնվող՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին: Կախա Կալաձեի խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, եւ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար: Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, կարեւորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաեւ այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծել է, որ քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը: Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին:Հիշեցնենք, որ ավելի վաղ Կախա Կալաձեն կոչ էր արել տարածաշրջանում միասնական էներգետիկ ցանց ստեղծել:Մեդիամաքսի հարցազրույցը Կախա Կալաձեի հետ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 22442