Յունիբանկն ավարտել է տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Բանկում նշել են, որ կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության եւ ապահովության բարձր մակարդակով:«Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար եւ կարող է պահել եւ մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Նախագծի իրականացման ընթացքում օգտագործվել են միջազգային չափանիշներին համապատասխան առաջատասր տեխնիկական լուծումներ եւ տեխնոլոգիաներ, ինչը բացառում է ցանկացած խանգարումներ բանկի տեղեկատվական համակարգերի աշխատանքում էներգոմատակարարման խափանման ժամանակ: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից եւ ապահովում են ավտոնոմ աշխատանք»,- ասված է հաղորդագրությունում:Տվյալների մշակման կենտրոնի ստեղծումն իրականացվում է մի քանի փուլով:Յունիբանկում ընդգծել են, որ կենտրոնն առանձնանում է իր շարժականությամբ եւ ֆորսմաժորային իրավիճակներում կարող է հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Ներկայում Յունիբանկն իրականացնում է թեստային փորձարկումներ: Կենտրոնի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2016թ. փետրվար-մարտին:«Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ՝ Յունիբանկը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Ահա թե ինչու մենք որոշեցինք իրականացնել տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման նախագիծը՝ հնարավորություն ստանալով մեծ ծավալների տեղեկատվության ապահով պահպանման եւ մշակման համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Tweet Դիտում՝ 23633