Fitch-ը բացասական կանխատեսում է արել ՀՀ բանկային հատվածի համար

11.12.2015 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings-ը բացասական կանխատեսում է արել Հայաստանի՝ 2016 թ. ինքնիշխան վարկանիշի ու բանկային հատվածի վարկանիշի համար:

Այդ մասին ասվում է Fitch-ի «2016 Outlook: CIS and Georgian Banks» զեկույցում:

ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն են բացասական կանխատեսումներ ստացել երկու վարկանիշի համար:

Երկու ցուցանիշներն էլ կայուն են Վրաստանի ու Ուզբեկստանի համար:

Ադրբեջանը, Ղազախստանն ու Բելառուսը Fitch Ratings-ից կայուն կանխատեսում են ստացել ինքնիշխան վարկանիշի համար եւ բացասական՝ բանկային հատվածի համար:

Զեկույցում ասվում է, որ ազգային արժույթների թուլացումը, որը գրանցվել է Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում 2015 թ-ին, կշարունակի ճնշող ազդեցություն ունենալ բանկերի ակտիվների որակի վրա 2016 թ-ին: Ընդ ուրում, Fitch Ratings-ը համարում է, որ վրացական բանկերը առողջ ֆինանսական ցուցանիշների շնորհիվ կկարողանան ավելի լավ դիմակայել այդ ռիսկերին:

Fitch-ի վերլուծաբանները նշում են, որ բացասական կանխատեսումը ՀՀ բանկային հատվածի համար պայմանավորված է տնտեսական աճի նվազմամբ, ազգային արժույթի վրա ճնշմամբ եւ տոկոսադրույքների աճով: Ընդ որում, գործակալությունը չի ակնկալում, որ 2016 թ-ին էական փոփոխություններ տեղի կունենան:

Զեկույցում նշվում է ՀՀ բանկային հատվածի դոլարացման բարձր մակարդակը (վարկերի 66 %-ը եւ դեպոզիտների 65%-ը 2015 թ-ի III եռամսյակի վերջի դրությամբ արտահայտված էին արտասահմանյան արժույթով), ինչի հետեւանքով երկրի բանկային համակարգը ծայրահեղ զգայուն է դրամի փոխարժեքի տատանումների հանդեպ:

Fitch-ը նաեւ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ բարձր է մնում ՀՀ բանկային հատվածի արտաքին պարտքի մակարդակը (հանձնառությունների 33%, կամ $ 2 մլրդ) այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին պահուստների ծավալը կազմում է $ 1,6 մլրդ:

Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ բանկային հատվածի արտաքին պարտքերի 70 %-ը միջազգային ֆինանսական կառույցների եւ/կամ մայր բանկերի տրամադրած երկարաժամկետ վարկեր են, ինչը նվազեցնում է վերաֆինանսավորման ռիսկերը: «Իրացվելիության իրավիճակը կառավարելի է մնում, մասնավորապես, Կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ, որը պարտադրում է բանկերին ավելի մեծ պահուստներ պահպանել», - ասվում է զեկույցում:

Fitch Ratings-ը նշում է, որ կանխատեսման վերանայումը «բացասականից» դեպի «կայուն» հնարավոր կլինի ՀՀ տնտեսական հեռանկարների կայունացում դեպքում, որը, իր հերթին, կնպաստի ակտիվների որակի կայունացմանը եւ կապիտալի ու բանկերի իրացվելիության վրա եղած ճնշման թուլացմանը: «Տնտեսության թուլացման եւ դրամի անկայունության հետեւանքով բանկերի ակտիվների որակի կտրուկ վատթարացումը կարող է հանգեցնել վարկանիշի իջեցմանը», - ասվում է զեկույցում:  

Դիտում՝ 26184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW