Հայտարարվել են Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման արդյունքները

02.12.2015 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գեոթիմ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր «Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարել է, որ Orion Co IV (ED) Limited (“Orion”) եւ Resource Capital Fund VI L.P. (RCF) ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարի հանքի շինարարությանը տրամադրվելիք $325 միլիոն ֆինանսավորման փաթեթը:
 
Նոյեմբերի 20-ին «Լիդիանը» հայտարարել էր Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին: Մինչեւ շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով՝ կազմելով $370 միլիոն, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը (all in sustaining cost) նվազել են 17%-ով՝ կազմելով ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար $585:

Ծախսերի կրճատումը մասամբ հնարավոր է դարձել մակաբացման գործակցի (stripping ratio) կրճատման, օպտիմալացված նախագծի եւ նոր տեխնոլագիական հոսքի (flow sheet) շնորհիվ, ինչի արդյունքում կրճատվել են նաեւ օգտագործվելիք վառելիքի, էլէկտրաէներգիայի եւ ռեագենտների ծավալները եւ ավելացել է մեկ տոննա հանքաքարից վերակագնվող ոսկու տոկոսը: Սա զգալիորեն բարելավել է Ամուլսարի ծրագրի տնտեսական ցուցանիշները, դարձնելով այն էլ ավելի հետաքրքիր ծրագիր ներդրողների համար:
 
«Այս ֆինանսավորումը կարեւոր իրադարձություն է բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ Ամուլսարի ծրագիրը դեպի արդյունահանում տանելու մեր ստանձնած պարտավորությունը կատարելու գործում: Վերջերս մեր կողմից հայտարարված նախագծի օպտիմալացման աշխատանքներից բխող տնտեսական զարգացումները կարեւոր քայլ էին ծրագրի տնտեսական մասն օպտիմալացնելու՝ մեր նպատակին հասնելու առումով, եւ հիմք հանդիսացան այս ֆինանսավորումը կատարելու հնարավորություններն ամրապնդելու համար: Orion-ը եւ RCF-ը հանքարդյունաբերության ոլորտում մեծ համբավ վայելող ֆինանսական ներդրումային ֆոնդեր են, եւ իրենց ֆինանսական պարտավորությունների շնորհիվ յուրաքանչյուր խումբը լրացուցիչ փորձ է ապահովում մեր թիմի համար»,- ասել է «Լիդիան ինթերնեյշնլի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասել է, որ Ամուլսարի հանքի ֆինանսավորումը կարեւոր քայլ է Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման գործում:

«ՀՀ կառավարությունը ողջունում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նման էական ներդրումները, որոնք երկիրը դարձնում են գրավիչ միջազգային ներդրողների համար: Ամուլսարի ծրագրի օրինակով ակնկալում ենք այլ սոցիալ-տնտեսական ներդրումներ Հայաստանում»,- ասել է գործադիրի ղեկավարը:
 
«Այս ներդրումը կապահովի Հայաստանում ժամանակակից, լավ կառավարվող հանքի կառուցում՝ երաշխավորելով երկրի եւ Ամուլսարի շրջակա համայնքների համար զգալի տնտեսական օգուտներ: Ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում նկատվում է հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման անկում: Հատկապես այս պայմաններում Ամուլսարի ֆինանասավորման ապահովումը մեծ ձեռքբերում է, ինչը դարձնում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ ուղղություն»,- իր հերթին ասել է «Գեոթիմի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
 
Orion Mine Finance ընկերությունը հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման գործում մասնագիտացած խումբ է՝ մոտավորապես $1,85 մլրդ կապիտալով, որը փոքր հանքարդյունաբերական ընկերություններին տրամադրում է ներդրումային ճկուն լուծումներ գունավոր եւ թանկարժեք մետաղների ոլորտում:

Orion-ն ունի պարտքի գործիքներով ֆինանսավորման, կապիտալի մասնակցության, շրջանառու փոխարկելի արժեթղթերի, արտադրանքի վաճառքի, ինչպես նաեւ արտադրանքի նախօրոք ձեռքբերման եւ ռոյալթիների վճարման փաստացի հնարավորություն: Բացի այդ, Օրիոնի թիմն իրական մետաղների շուկայում ունի փորձ. այն է` աջակցել մետաղների գնման, ֆինանսավորման, հանքի արտադրանքի տեղափոխման, մշակման եւ վերջնական գնորդին վաճառելու հարցում:
 
Resource Capital Funds-ը մասնավոր կապիտալով ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին՝ ներդրումներ կատարելով կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտում, ընդգրկելով բորոլ տեսակի հանքանյութերն ու աշխարհագրական տարածաշրջանները: Հիմնադրման օրվանից ի վեր RCF-ն աջակցություն է ցուցաբերել 142 հանքարդյունաբերական ընկերությունների՝ 45 երկրներում գտնվող եւ 29 հանքատեսակի արդյունահանման ծրագրերին: RCF-ն այս տարի $2,04 մլրդ ընդհանուր կապիտալով իր վեցերորդ ներդրումն է կատարում:  RCF ընկերության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում:
 
RCF-ում աշխատում է ներդրումային մասնագետների ուժեղ թիմ, որը համաշխարհային մասշտաբով մեծ փորձ ունի հանքարդյունաբերության ոլորտում:

RCF-ի փորձը պայմանավորված է տեխնիկապես եւ կոմերցիոն առումով գրավիչ միջոցներ հայթայթելով եւ ցանկալի արդյունքների հասնելու համար ֆինանսավորվող ընկերությունների մենեջմենթներին աջակցելով: RCF-ը համագործակցում է ընկերությունների հետ՝ ամուր եւ կայուն բիզնես ծրագրեր կառուցելու ուղղությամբ, որը բոլոր շահառուների համար ապահովում է լավագույն արդյունք:
 
Բացի Orion-ի եւ RCF-ի ֆինանսավորումից, Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության հիմնական բաժնետերերը շարունակում են մնալ IFC-ն (International Finance Corporation) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): «Լիդիանը» պարտավորություն է ստանձնել իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու այդ ֆինանսական հաստատությունների կողմից սահմանված լավագույն փորձին համապատասխան:

Դիտում՝ 13426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW