ԱՄՆ ներկայացուցիչը կարեւորել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը

19.11.2015 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքն այսօր ասել է, որ ՀՀ ներդրումների ոլորտում պետք է պայքարել կոռուպցիայի եւ դրան հարող խոչընդոտների դեմ, քանի որ «հավասար պայմաններն ու կանխատեսելիությունը ներդրումային գրավչության մասն են»:

Բրիջիթ Բրինքն այս մասին ասել է Երեւանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի համար կարեւոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը:

Բրիջիթ Բրինքը նշել է, որ 1992-ից սկսած Միացյալ Նահանգները Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրել է ավելի քան $2 մլրդ:

«Մենք հավատում ենք, որ նշված օգնությունն ուղղվել է Հայաստանի՝ ավելի բարեկեցիկ երկիր դառնալուն: Կարեւոր է հասկանալ, որ երկու երկրների միջեւ այս երկխոսության շեշտադրությունն անցել է տնտեսական օժանդակության գերակայություններից մինչեւ ներդրումներ»,- նշել է նա:

ԱՄՆ ներկայացուցիչը խոսել է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման, Որոտանի հէկի գործարքի դրական լինելու մասին՝ հույս հայտնելով, որ Հայաստանում նման շատ ներդրումներ կլինեն, եւ այս ուղղությամբ իրենք պատրաստ են աշխատել ՀՀ կառավարության հետ:
 
ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ նշել է, որ միջկառավարական հանձնաժողովն իր աշխատանքներով անելու է հնարավորինը՝ ընդլայնելու առեւտրատնտեսական կապերը։
 
«Այս հանձնաժողովի մեխանիզմը դրան հասնելու ճանապարհներից մեկն է: Այս տարի, մասնավորապես մենք կարողացել են բարձր մակարդակի հանդիպումներում նախանշել մի քանի արդյունքներ, որոնք արդեն իսկ փաստ են, ինչպես օրինակ՝ վիզաների համաձայնագիրը, առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը եւ այլն»,- ասել է նա՝ հույս հատնելով, որ հանդիպումները կկրեն պրակտիկ բնույթ՝ ստեղծելով հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ:
 
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, իր հերթին, կարեւորել է հանդիպման նման ձեւաչափը՝ նշելով, որ այն թույլ կտա առավել մանրամասն քննարկել հարցը, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել ՀՀ-ի տնտեսական աճին ու զարգացմանը։

Անդրադառնալով հանդիպման օրակարգում ընդգրկված կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրին՝ դեսպանը նշել է, որ «այդ հարցում դեռ հստակ որոշում չկա: Հայ գործընկերների հետ պետք է քննարկվի դրա անհրաժեշտությունն ու որոշվի՝ արդյո՞ք պետք է այդ ուղղությամբ շարժվել, թե՝ ոչ»:

Դիտում՝ 2682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW